Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցավ մի շաբաթ, երկու, փերեզակ կինը դեռևս չէր երևում։ Անցավ մի ամիս։ Օհանն անհանգիստ էր։ Միշտ նրա մասին էր մտածում և ոչ մի ելք չէր գտնում։ Գոնե գիտենար, թե որտեղ էր բնակվում նա, այդ ևս չգիտեր։ Խառնաշփոթ Ստամբոլում հեշտ չէր մարդիկ գտնել, իսկ խորամանկ կինը մի խոսքով անգամ չակնարկեց յուր բնակության տեղը։ Սպասում էր, մինչև մյուս անգամ կհայտնվեր նա։ Բայց այդ նրա համար խիստ ծանր էր։ Ե՞րբ կգար, մինչև ե՞րբ պետք էր սպասել։ Զահրան, իրավ է, շատ բաներ էր գնում նրանից, և նա առաջ ավելի հաճախ էր գալիս։ Բայց ահա մի ամբողջ ամիս անցել էր, որ չէր երևում։

Այդ մտածությունների մեջ տարուբերվելով, մի անգամ դուրս եկավ նա, կանգնեց ապարանքի դռանը, նայում էր անցուդարձ անողների վրա։ Հանկարծ նրա մոտով շտապով անցավ Ֆերուզը — Զահրայի սևամորթ ստրուկը։

— Ո՞ւր այդպես, Ֆերուզ,— հարցրեց նրանից։

— Գնում եմ նրան կանչելու,— պատասխանեց խափշիկը և ավելի փութացրեց յուր քայլերը։

— Ո՞ւմը կանչելու... դե՛ կանգնիր, տեսնում ես, որ քեզ հետ։ խոսում են։

— Այն կնոջը, որ բաներ է բերում իմ տիրուհու համար,— ասաց նա և վազ տվեց։

Օհանը հասկացավ, թե ո՛ւմը պետք է կանչեր և ուրախացավ։

Ուրեմն խափշիկը գիտեր նրա բնակարանը։ Երևի, որ սակավ անգամ գնացել էր նրան կանչելու։ Նա կգա, անպատճառ կգա։ Եվ ոչ մի կնոջ գալուստն այնքան բավականություն չէր պատճառի Օհանին, որքան այն գարշելի ջադուկի գալուստը, որին յուր բոլոր սրտով ատում էր։

Կեսօրից բավական անցել էր։

Ծերունի փաշան Բ. Դռնից վերադարձել, ճաշել և քնել էր։