Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև նրա վեր կենալը Օհանը բավական ազատ ժամանակ ուներ: Ապարանքում տիկինները նույնպես քնած էին։ Արթուն էին միայն աղախինները, որ այդ հանգստի ժամուն, կանանոցի պարտեզում հավաքված, ծառերի անուշահոտ ստվերի տակ նստած, խոսում էին, ծիծաղում էին և յուրաքանչյուրը յուր սրտի ցավերն էր պատմում ընկերին։

Օհանը նկատեց, որ փերեզակ կինը գալիս էր միշտ այն ժամանակ, երբ Զահրայի հայրը կամ տանը չէր, կամ եթե տանն էր, քնած էր։ Ուրեմն նա գիտեր այդ ժամանակները, կամ նրան իմացում էին տալիս։ Այդ զարթեցնում էր Օհանի սրտում մի աղոտ կասկած։ Ի՞նչ կապեր կարող էին լինել բարեսիրտ, հրեշտականման Զահրայի և մի նենգավոր կնոջ մեջ։ Օհանը մտաբերելն անգամ մեծ մեղք էր համարում յուր ազատած մանուկի մասին...

Բայց ինչո՛՛ւ էր նա այսպիսի ժամանակներ ընտրում։ Հայրը միայն կարող էր խանգարել նրան՝ կամ յուր մոտ կանչելով, կամ առանց հարցնելու անակնկալ կերպով նրա սենյակը մտնելով։ Իսկ հայրն այժմ քնած էր։ Բացի նրանից, ապարանքում ուրիշ ոչ ոք իրավունք չուներ վրդովելու Զահրայի առանձնությունը։

Իսկ ազնիվ Օհանը վայելում էր օրիորդի առանձին շնորհը։ Այդ շնորհը գրավեց նա յուր վերին աստիճանի անարատությամբ։ Այդ էր պատճառը, որ նա վստահություն ուներ ի ժամու և ի տարաժամ ու օրիորդի բնակարանը մտնելու, մանավանդ երբ մի որևէ գործով առիթ ուներ։ Իսկ այժմ մտածեց, երկար մտածեց, ոչ մի առիթ չգտավ։ Ցանկանում էր անպատճառ ներկա լինել փերեզակ կնոջ առևտուրին և ավելի մոտից դիտել նրա հարաբերությունները օրիորդի հետ։

Շուտով միտքը փոխեց նա...

Նա փայտի նման ցցված մնաց ապարանքի դռան մոտ, յուր տեղից չշարժվեցավ։ Նրա անհամբեր աչքերը դարձրած էին դեպի այն կողմը, որտեղից պետք է հայտնվեր փերեզակը։ Բայց նա ուշացավ։ Գուցե շատ հեռու էր կենում։ Գուցե խափշիկը չգտավ նրան։ Եթե ոչ, ինչո՞ւ պետք է ուշանար։ Չէր երևում և խափշիկը։ Երկար սպասելուց հետո, Օհանը ներս մտավ, մտածելով. «Պետք է մի կերպով սուրալ օրիորդի բնակարանը...»։ Հարկավոր էր մի որևէ առիթ, և այդ առիթը գտավ նա։

Օրիորդը պետք է միայնակ լիներ յուր սենյակում։ Նրա միակ աղախինը, որ հասակն առած կին էր, այսօր թույլտվություն էր ստացել յուր բարեկամներից մեկին տեսության գնալու: Այդ ավելի