— Ա՛խ, ե՞րբ պիտի պրծնեմ էս մունդրեկներից... — ասում էր նա դառն կերպով հոգոց հանելով։
Մինչ խեղճ Սանդրոն այդ մտատանջության մեջն էր, խրճթի դուռը զարկեցին։— Քեթևա՛ն, Քեթևա՛ն,— լսելի եղավ մի խռպոտ ձայն։
— Ա՛խ, էլի եկավ...— ասաց հիվանդը վշտալի ձայնով։
Սանդրոն դուռը բաց արավ. հայտնվեցավ մի միջահասակ մարդ, նեղ և խորամանկ աչքերով։ Նրա գորշ-պղնձագույն դեմքը կրում էր յուր վրա թափառական ցիգանի բոլոր վայրենի գծագրությունը։ Եվ իրավ, այդ պարոնը կոչվում էր՝ Բոշա-Կարապետ։
— Փողերը հազրեցի՞ր,— դարձավ նա դեպի հիվանդը։
— Ախր ո՞րտեղից հազրեմ, Կարապետ աղա, քո հոգուն մատաղ,— պատասխանեց Քեթևանը ողորմելի ձայնով։
— Օ՛րհնած, էդպես չի ըլի է՛,— մի առանձին դժգոհական եղանակով խոսեց Բոշան.— գլուխը չես կարացի տալ, շահն էլա տո՛ւր․․․
— Ախար ո՞րտեղից տամ, Կարապետ աղա, դու չե՞ս տեսնում իմ հալը... ես հիվանդ, անտեր ընկած եմ... երեխեքս շատ գիշեր քաղցած են քնում...։
Այդ խոսքերն այնպիսի մի դառն կերպով արտասանեց Քեթևանը, որ մի սիրտ, եթե քարից լիներ, դարձյալ կփափկեր։ Բայց Բոշայի համար դրանք սովորական բառեր էին, որպիսիք նա հաճախ լսել էր յուր պարտականներից։
— Տե՛ս, ես քեզ ասում եմ, Քեթևան, թե որ մինչև էս շաբթի վերջը չտաս, գանգատ կանեմ,— ասաց նա սպառնալով։
— Աստծուն բաշխե.․․ քո որդիկներուն բաշխե․․.— աղաչում էր հիվանդը ողորմելի ձայնով։
Բայց Բոշայի համար անբախտի լացը և այրիի արտասուքը ոչինչ նշանակություն չունեին։ Նա ինքն իրան բարկանալով խոսում էր` էսպես էլ օյին կուլի՞... նաղդ փող տաս ու չկարենաս առնե՞լու․..
Եվ նրա սատանայական աչքերը լի չարամտությամբ պտտում էին մերկ խրճիթի չորեքկողմը, կարծես մի բան որոնելու նպատակով։ Նա տեսավ անկյունում կծկված հավերը. աղվեսի արագությամբ հարձակվեցավ նրանց վրա և բռնեց մի վառյակ ու մի մանուկ աքաղաղիկ։
— Սրանք էլա տանեմ,— ասաց նա դժոխային ուրախությամբ: