Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալու լինի, կասե, թե շատ կարելի է, որ նրա հայրն այս երեկո նրա մոտ գա յուր սովորական սուրճը վայելելու։

Նա շարունակում էր նայել դեպի Բոսֆորը։ Թեքված արեգակի ճառագայթների առջև՝ մանր ալիքները փողփողում էին և կոտրատված հայելիների միլիոնավոր բեկորների նման՝ իրանց լուսապայծառ փայլով խտղտացնում էին Օհանի աչքերը։ Բայց նա շարունակում էր նայել։ Սքանչելի էր տեսարանը. կարծես գեղեցիկ Բոսֆորն այդ հանդիսավոր րոպեում յուր բոլոր հոգեզվարճ ուրախությամբ ժպտում էր, ծիծաղում էր, և նրա կախարդական ժպիտը լցնում էր Օհանի սիրտն անսահման բերկրությամբ։

Ո՜րքան մեծ փոփոխություն։ Շատ ժամանակ չէր անցել այն օրից, երբ Օհանը, թիկն տված յուր աղբի կթոցին, նստած էր ավազների վրա և այսպես նայում էր Բոսֆորին։ Իսկ այժմ նստած էր նա այն բազկաթոռի վրա, որի վրա հանգստանում էր Բարձր Դռան խոշոր անձինքներից մեկը։ Այդ ժամանակ Օհանն սպասում էր, որ արևը մտնե, խավարը պատե, որ հետո գնա սև խաչակիր տիկնոջ խոստացած երկու ղուրուշն ստանալու... Այսօր նույնպես սպասում էր նրան, բայց բոլորովին այլ նպատակով...

Լսելի եղավ բակի փոքրիկ շան ձայնը։ Օհանը ցնցվեցավ։ Այդ խելացի կենդանին յուր սուր բնազդմամբ կարծես մի առանձին ատելություն ուներ դեպի փերեզակ կինը և մանավանդ դեպի նրանից անբաժան հրեան։ Ամեն անգամ նրանք հայտնվելիս նա մեծ աղմուկ էր բարձրացնում։

Օհանը հասկացավ, որ անպատճառ նրանք պետք է չինեն։ Վեր կացավ, կամաց մտավ դահլիճ, որ կից էր օրիորդի սենյակին։ Նա այժմ վստահ էր, որ օրիորդն այլևս չի դուրս գա, այլ զբաղված կլինի յուր այցելուներով։

Նա թաքնվեցավ վարագույրի հետևում, հենվեցավ պատին։ Կամաց բարձրացրեց վարագույրի ծալքը, սկսեց նայել դեպի օրիորդի սենյակի ներսը։

Փոքրիկ շան աղմուկը նրան ևս խռովության մեջ էր դրել։ Որպես վանդակի մեջ նեղված մի անհանգիստ քանարիա, անդադար թրթռում էր, մոտենում էր լուսամուտին, նայում էր, երբ այնտեղից լավ չէր երևում, անցնում էր դեպի մյուսը։ Այդ դրության մեջ տանջվում էր նա, մինչև ներս մտավ փերեզակ կինը, իսկ նրա հետևից հրեան, արկղն ուսին։ Օհանն ավելի ևս բարձրացրեց վարադուլրի ծալքը։ Նա զսպում էր լուր շնլառութլունը, որ ամենաթեթև շշուկ անգամ չարձակե։