Հրեան զգուշությամբ արկղը դրեց հատակի վրա և դուրս եկավ։ Օրիորդը նրա հետևից դուռը կողպեց, հետո մոտեցավ լուսամուտին, կիսով չափ ցած թողեց վարագույրները և ապա վազեց դեպի սնդուկը, աշխատում էր յուր ձեռքով բաց անել։
Փերեզակ կինը, հակառակ յուր սովորական շատախոսության, այդ րոպեում լուռ էր։
— Մի փոքր համբերեցեք, հարգելի օրիորդ,— ասաց նա հազիվ լսելի ձայնով,— ես իսկույն բաց կանեմ։
Օրիորդը դարձյալ չհեռացավ արկղից, կարծես նրա սիրտը, հոգին և բոլոր զգացմունքները նրա մեջ լինեին։
Արկղը, որպես սովորաբար լինում են թափառական փերեզակների արկղները, մի քանի մասերից էր կազմված, որոնք աստիճանաբար մտնում էին միմյանց մեջ և կողքերից կցվում էին երկաթյա հանգույցներով։ Յուրաքանչյուր մասի մեջ զետեղված էր մի տեսակ վաճառք։
Փերեզակ կինը, օրիորդի օգնությամբ, մեկ-մեկ վեր էր առնում՝ վերևի մասերը։ Երբ բացվեցավ վերջին մասը, որ հատակն էր կազմում, օրիորդը խորին հրճվանքով բարձրացրեց մի փոքրիկ երեխա և ճնշեց յուր երեսի վրա...
Մի ցուրտ սարսուռ անցավ Օհանի ամբողջ մարմնով։ Նրա սիրտն սկսեց տրոփալ և հազիվհազ կարողացավ իրան պահել։
Օրիորդը դեռ շարունակում էր երեխային մերթ սեղմել յուր շրթունքներին, մերթ խաղացնել ձեռքում, և այնպես քնքշաբար փայփայելով գնաց նստեց թախտի վրա, դրեց յուր առջև և խորին հիացմունքով նայում էր նրա վրա։
Երեխան չէր շարժվում։ Նա կամ քնած էր, կամ արհեստական եղանակով քնացրել էին նրան։ Վերջինն ավելի հավանական էր։ Որովհետև երբ փերեզակ կինը մոտեցավ և մի ինչ-որ հեղուկ փոքրիկ սրվակով հոտոտել տվեց նրան, իսկույն ցնցվեցավ նա և մի քանի րոպեից հետո աչքերը բաց արավ, սկսեց ժպտալ։ Նրա ժպիտը սքանչացրեց օրիորդին։
— Այժմ բոլորովին առողջ է, հարգելի օրիորդ,— խոսեց փերեզակը մեղմ ձայնով։— Քանի շաբաթ է, որ բժիշկը դադարել է մինչև անգամ այցելել, ասում է, որ բժշկի խնամքի այլևս կարոտ չէ։
— Ա՜խ, սիրելի Ելենա, երանի՜ թե չլիներ այդ հիվանդությունը... ո՜րքան խանգարեց մեզ այդ հիվանդությունը,— ասաց օրիորդը վշտալի ձայնով։