Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ իրավ, երեխայի հիվանդությունը փոխեց այն ամբողջ ծրագիրը, որ կազմել էին բեյը և օրիորդը Պոլիսը թողնելու և Եվրոպա գնալու մասին։ Օրեցօր խորին անձկությամբ սպասում էին, որ նա առողջանա, որ հետո ճանապարհ ընկնեն։

— Այժմ բոլորովին առողջ է,— կրկնեց Ելենան,— տեսնո՞ւմ ես, հարգելի օրիորդ, ո՜րքան գիրացել է, ո՜րքան գեղեցկացել է, կասես՝ մի սիրուն հրեշտակ լինի։ Այսօր ես կշռել տվի, մի ամսվա մեջ ծանրությունը երկու հոխայից ավելի աճել է։

Օրիորդը խորին հիացմունքով փայփայում էր երեխայի գողտրիկ սրունքները, փայփայում էր նրա կլորիկ բազուկները և փոքրիկ ձեռնիկները, կարծես ստուգելու համար, թե ո՛րքան ձշմարիտ էին Ելենայի ասածները։

Հանկարծ շփոթվեցավ նա։ Սկսեց ավելի մոտից նայել, շոշափելով երեխայի բազուկները, և որքան նայում էր, այնքան ավելի նրա հուզմունքը սաստկանում էր։

Օրիորդի շփոթությունն աննկատելի չմնաց Ելենայից, որ կանգնած էր նրա թախտի մոտ և, որպես մի մարմնացած անմեղություն, դիտում էր մոր քնքուշ փայփայանքները և զարմանում էր նրա հանկարծակի խռովության վրա։

— Ի՞նչ պատահեց ձեզ հետ, հարգելի օրիորդ,— հարցրեց նա կարեկցական ձայնով։

— Ոչինչ...— պատասխանեց օրիորդը, ձեռքով շփելով աչքերը, կարծես աշխատում էր վանել յուր տեսության մռայլը։

Նա անցավ դեպի թախտի այն կողմը, որ ավելի մոտ էր լուսամուտին։

— Մի փոքր ետ քաշեցեք վարագույրը,— հրամայեց Ելենային։

Փերեզակը դողդոջուն ձեռքը տարավ, բարձրացրեց վարագույրը մի կողմ։

Օրիորդն սկսեց ավելի ուշադրությամբ հետազոտել երեխայի աջ ձեռքի բազուկը։ Խորին զարհուրանքով որոնում էր այնտեղ մի բան, բայց գտնել չէր կարողանում։

— Ի՞նչ եք որոնում, հարգելի օրիորդ,— հարցրեց Ելենան դողդոջուն ձայնով,— երևի ծաղկի կտրած տեղն եք որոնում։ Այդ տեղը հազիվ է նշմարվում այժմ։ Աստուծո օգնությամբ ձեր երեխան այնքան գիրացավ, որ այլևս չէ երևում։ Նայեցե՛ք, այդ փոքրիկ սպիտակ բիծն է,— նա մատը դրեց ցույց տված տեղի վրա։