— Ես մի կապույտ բիծ եմ որոնում,— ասաց օրիորդը և դարձյալ շփեց արտասվալի աչքերը, յուր աղոտ տեսությանն ավելի ուժ տալու համար:
Ելենայի դեմքի վրա երևաց մի ժպիտ, որ արտահայտում էր նրա սրտի կեղծ բարությունը և միևնույն ժամանակ նրա վրդովմունքը։
— Ճշմարիտ է, հարգելի օրիորդ,— ասաց նա,— առաջ կապույտ բծեր կային... Խեղճ երեխայի բազուկներն այնքան նիհարացել էին, որ երակները կապույտ նարոտների նման երևում էին... Այժմ, փառք աստուծո, գիրությունը ծածկեց բոլորը...
— Իսկ իմ որոնածը չէր կարող ծածկվել...— պատասխանեց օրիորդը, և խելագարի նման մանուկը մի կողմ դնելով, բացականչեց.
— Դա իմ երեխան չէ՜...
— Տե՜ր Հիսուս Քրիստոս...— ձայն տվեց Ելենան և ձեռքերը փակելով, երկյուղած աչքերը դարձրեց դեպի երկինքը։
— Դա իմ երեխան չէ՜...— կրկնեց զարհուրած մայրը արտասվալի ձայնով։— Ելենա՛, դու ինձ խաբում ես... ես նշան էի դրել... ահա այս թևի վրա... ու՞ր է նշանը... Այո՛, նշան էի դրել, որ եթե ես մեռնելու լինեմ, հայրը ճանաչի յուր զավակին... Այդ գիտե բեյը...։ Երեք կապույտ խալեր էին, երեք փոքրիկ աստղիկների նման, միմյանց մոտ դրած...։ Այդ ես արել էի, որ չարքերը չմոտենան զավակիս[1]... Ո՞ւր են այդ խալերը...
Վարագույրի հետևում թաքնված Օհանը մի անսովոր շարժում գործեց, իսկ հետո ինքն իրան զսպելով մնաց յուր տեղում։ Ելենայի երկյուղած դեմքն այժմ ավելի սպառնական կերպարանք ստացավ։
— Այդ ի՜նչ ասելու բան է, հարգելի օրիորդ,— ասաց նա, գրկելով երեխային, որ մի կողմ էր դրած։— Խելքի՜ եկեք, հարգելի օրիորդ... Խալերը կարող էին անհետանալ...
— Չէին կարող անհետանալ... այս տեսակ խալերը չեն անհետանում... ես ունեմ... այսքան տարի... ի՛նչու չեն անհետանում...— Նա բաց արավ յուր բազուկը և ձեռքը մեկնելով դեպի շվարած փերեզակը, բացականչեց ավելի զայրացած ձայնով.
- ↑ Արևելքում ամեն ազգի կանայք, մինչև անգամ հայ կանայք, գիտեն այս տեսակ արհեստական խալեր դրոշմել մարմնի վրա, կամ իբրև գեղեցկության և կամ իրրև թիլիսման։ Նրանց դասավորության և ձևի մեջն է բովանդակվում թիլիսմանի խորհուրդը։ Ծանոթ․ հեղ.: