Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՎԵՐ
Բրիսլավի համալսարանի պրոֆեսոր և իմ բարեկամ՝
ԱՆԴՐԵԱՍ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ

(ՊՐՈԵՐԵՍԻՈՍ)


Ա

Չորրորդ դարում, երբ Հայաստանից շատ մանուկներ դիմում էին Աթենք ուսում առնելու, այդ քաղաքի ետ ընկած փողոցներից մեկում, փոքրիկ խրճիթի մեջ, ապրում էր մի երիտասարդ։ Նա բնակվում էր խրճիթի ստորին ամենաանշուք սենյակներից մեկում, ուր օդի և լույսի պակասությունը տալիս էր նրան գերեզմանի նմանություն։ Ոչինչ կարասիք չկար այդ գետնափոր նկուղի մեջ, հարդով ծածկված էր նրա խոնավ հատակը և մի քանի հնամաշ կապերտներ ծառայում էին և՛ որպես անկողին, և որպես սփռոց։ Պատուհաններում երևում էին մագաղաթյա գրչագրներ, կաշյա հաստ կազմերով։

Սենյակը նեղ էր։ Նրա անձկությունը ավելի անտանելի էր դաոնում, որովհետև երիտասարդը մի ընկեր ևս ուներ։ Նրան կոշում էին Հեփեստիոն, իսկ ինքը կոչվում էր Պրոերեսիոս։

Քաղաքի այն թաղը, ուր կենում էին երկու երիտասարդները, բնակեցրած էր այնպիսի աղքատ ժողովրդով, որոնք միայն օրեկան աշխատանքի, օրեկան հացի համար են մտածում, այդ պատճառով նրանց շատ չէր հետաքրքրում երիտասարդների մտավոր պարապմունքը, և չգիտեին անգամ, թե դրանք ինչով էին պարապում։

Միայն իրանց արտաքին կերպարանքով երիտասարդները գրավում էին հարևանների ուշադրությունը։ Պրոերեսիոսը ուժեղ էր, վայելչակազմ և դեմքով գեղեցիկ։ Նրա կենսագրությունը մեզ ավանդոդ Եվնաբիոսը ասում է, որ ութն ոտք բարձրություն ուներ