Այսպես, պատերազմելով կյանքի և աղքատության հետ, երիտասարդ ուսանողները մի քանի տարիներ անցկացրին փիլիսոփայության և ճարտասանության մայրաքաղաքում, մինչև Պարույրը յուր զարմանալի հաոաջադիմությամբ գրավեց իր վարժապետի, կապադովկացի Հուլիանոսի ուշադրությունը, որը տեսնում էր իր աշակերտի մեջ խիստ փայլուն ապագա։
Երբ Հուլիանոսը Աթենքից հեռացավ, շատերը աշխատում էին նրա ամբիոնը ժառանգել։ Առաջարկվեցան հինգ ընտրելիներ[1]։ Մրցությունը սաստիկ էր, Աթենքը մի քանի կուսակցությունների էր բաժանված և յուրաքանչյուր կողմը աշխատում էր իր կանդիդատի ընտրությունը հաջողեցնել։ Ամենավատն այն էր, որ այդ ժամանակ հռոմեական կառավարությունը մտցրել էր գիտության ազատ տաճարի մեջ իր ճնշող և ամեն հառաջադիմություն ոչնչացնող ձեռքը։ Այդ պատճառով ավելի շուտ ընդունելություն էին գտնում ոչ թե ճշմարիտ գիտնականները, այլ քսուները, կեղծավորները, որոնք շողոքորթում էին կառավարության հաճույքները։ Այդ կետից նայելով, արդարամիտ և անկաշառելի Պարույրի ընտրությունը բոլորովին անհուսալի էր։
Բայց Պարույրը կայսրության գավառներում և նահանգներում մեծ հռչակ ուներ։ Եվ որովհետև նահանգներից ևս բազմաթիվ մանուկներ էին ուղարկում Աթենք ուսանելու, այդ պատճառով նահանգներն ևս ձայնի իրավունք ունեին։ Արևելքի մեծ մասը ընտրում էր Եպիփանոսին, Արաբիան՝ Դիոփանտեսին, իսկ Պարույրի համար ձայն էին տալիս բոլոր Պոնտացիք և Բյութանիա, Հելլես-պոնտոս և Ասիայի այն մասը, որ Կարիայեն տարածվում է մինչև Լիդիա, Պամփյուլիա և Տավրոսի լեռները։ Այդ կողմերում Պարույրը ընդարձակ ժողովրդականություն ուներ։ Հեփեստիոնը յուր ընկերի հետ մրցություն անել չկամեցավ, նա ասպարեզը թողեց Պարույրին և ինքը հեռացավ Աթենքից։ Պարույրի ընտրությունը հաջողվեցավ, և հայկազն հռետորը, իր տոկուն աշխատությամբ, մթին նկուղից բարձրացավ Աթենքի փիլիսոփայության և ճարտասանության ճեմարանի ամբիոնը։
Մեր հռետորը իր փառքի հետ ժառանգեց և բազմաթիվ նախանձորդներ։ Նրա թշնամի հռետորները ամենաանվայել հնարներով
- ↑ Պարույրը, նրա ընկեր Հեփեստիոնը, Եպիփանոսը, Դիոփանտեսը, Սոպոլիտեսը և Պառնասիոսը։ Ծանոթ․ հեղ․