Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ գրեթե անհնարին էր հանպատարաստից նրա վրա մի բան խոսել։

Բայց մեր հռետորը չվհատեցավ, Նա միայն խնդրեց նշանագրողներին արձանագրել յուր ասածները, որ վերջը վիճաբանության տեղիք չմնա, թե ինքը բոլոր կետերին չէ պատասխանել, և խնդրեց հասարակությանը, որ ծափահարություններով չխանգարեն իրեն։

Ատենախոսությունը այն աստիճան սքանչելի և իմաստալից եղավ, որ ունկնդիրները, հափշտակված նրա ազդու պերճախոսությունից, բոլորովին մոռացան իրանց խոստմունքը, և ոգևորված բացականչություններով ու ծափահարությամբ թնդեցնում էին ամֆիթեատրոնի կամարները։

Նշանագրողները հազիվ կարողանում էին հասցնել նրա խոսքերի հոսանքի հետևից, որոնք առատաբուխ վտակի նման վազում էին նրա շրթունքներից։ Երբ վերջացրեց, հանդիսականները ավելի ոգևորված կեցցեներով բազմիցս ողջունում էին նրան։

Բայց Պարույրը իր զարմանալի սրամտության զորությունը ցույց տալու համար, խնդրեց հանդիսականներից, որ նորից կրկնե յուր ճառը, որպեսզի նշանագրողները համեմ ատեն իրանց գրվածի հետ, միգուցե մի բան թողած լինի։ Եվ նա սկսեց ամբողջ ճառը առաջին բառից մինչև վերջին բառը անփոփոխ նորից ասել։ Նշանագրողները ոչինչ տարբերություն չգտան, կարծես թե, շատ առաջուց սերտած լիներ այն բոլորը, ինչ որ հանպատրաստից խոսեց նա։

Պարույրը տարավ մրցանակը։ Բազմությունը խնդակցությամբ սեղմեց նրա ձեռքը, անվանելով նրան Հերմես—պերճախոսության աստված։ Նահանգապետը իր սեփական կառքով, զինվորական երաժշտությամբ և հանդիսավոր փառքով տարավ նրան մինչև բնակարանը։

Հայկազն հռետորը իր փառքի օրերը անց էր կացնում միևնույն բնակարանում, ուր անցուցել էր յուր ուսանողական կյանքի դառն աղքատությունը։ Առաջին և այժմյան կեցության մեջ այն զանազանությունը կար միայն, որ Աթենքի պերճախոսության աստվածը փոխանակ նույն խրճթի ստորին նկուղի մեջ ապրելու, այժմ կենում էր նրա վերին հարկում, մի փոքրիկ սենյակի մեջ։ Ապրուստի եղանակը մնացել էր նույնը.— նույն սպարտական խստակեցությունը, նույն չափավորությունը իր ամենապարզ վայելքներով թագավորում էր նրա անշուք բնակարանի մեջ։ Պատմական վերարկուն