Սանդրոն, տեսնելով այդ հափշտակությունը, վրա պրծավ, բռնեց Բոշայի փեշից.— Ա՛ղա ջան, ա՛ղա ջան, ո՞ւր ես տանում, էդ մինն իմ «խուճուճիան մամալն է»:
Այդպես էր կոչում պատանյակը յուր նախշուն աքաղաղին։
— Դե՛ն կորի— գոռաց անգութ վաշխառուն,— ա՛յ, ես քեզ նշանց կտամ «խուճուճիան մամալը»... Եվ նա սպառնացավ տղային յուր սարսափելի ապտակը։
Սանդրոն, մի այդպիսի ապտակ մի օր առաջ իմերելից կրած լինելով, զարհուրելով հետ քաշվեց, թողնելով վաշխառուի փեշը։ Իսկ անպաշտպան պատանուն օգնության հասավ նրա միակ մտերիմը—փոքրիկ Ցուցան։ Նա տախտի տակից դուրս պրծավ և յուր սուր ասեղնավոր ատամներով ձիգ ընկավ Բոշայի փեշից։ Բայց վաշխառուն յուր ձեռքի ահագին մահակով մի այնպիսի սաստիկ հարված տվեց Ցուցայի գլխին, որ խեղճ շնիկն իսկույն բաց թողեց նրա փեշը, և նրա տխուր կծկծոցը խառնվեցավ Սանդրոյի լաց ու սուգին…
Վաշխառուն տարավ յուր կողոպուտը։ Սանդրոյի տխրությանը չափ չուներ, նա շատ էր սիրում յուր նախշուն աքաղաղին։ Հիվանդը, տեսնելով որդու արտասուքը, անդադար կրկնում էր.— Ա՛խ, էն անիծված էծը... է՛դ ի նչ կրակի մեջ քցեց մեզ…
Այդ խոսքերի մեջ, որ հիվանդն արտասանեց այնպիսի դառնությամբ, կար մի սարսափելի դեպք, որ գլխավորապես պատճառ եղավ նրանց անբախտությանը։ Ամուսնու մահից հետո Քեթևանը պարտք առավ Բոշա-Կարապետից տասն ռուբլի փող, ամեն մի ամիսը մեկ ռուբլի տոկոս հաշվելով, տասնվեց ռուբլի պարտամուրհակ տվեց վեց ամիս ժամանակով։ Այդ փողերով Քեթևանը գնեց մի այծ, որ յուր երեխեքը կերակրվեին նրա կաթնով։ Բայց անգութ բախտը պետք է հասցներ նրանց յուր վերջին հարվածը,— այծը երկու ամսից հետո մեռավ։ Այնուհետև նրանք դարձան Բոշայի ստրուկը։ Ամեն մի վեցամսյակից Բոշան պարտամուրհակը փոխում էր, տոկոսը տոկոսի վրա բազմապատկելով։ Անցան մի քանի տարիներ։ Քեթևանը յուր տան եղած-չեղածը ծախել՝ նրան էր տվել, բայց տակավին հիսուն ռուբլի պարտական էր։ Ամեն անգամ կգար Բոշան ինչ որ ձեռքն ընկներ կտաներ՝ հավ, ձու և այլն։ Բացի դրանից, նա յուր տան լվացքը նրանց էր լվանալ տալիս և ոչինչ չէր վճարում։ Շատ անգամ Մարիամը կար էր անում նրանց համար և փող չէր ստանում։ Այդ բոլորը նրա համար էր