և պատմուճանը, որը երբեմն հագնում էր ինքը և երբեմն Նրա սիրելի ընկեր Հեփեստիոնը, պահվում էր այդ բնակարանում որպես մի թանկագին հիշատակ ուսանողական եղբայրության եռանդոտ և ամեն զոհողությունների համբերող կյանքի։ Այժմ նրա միամիտ տան տիրուհին այլևս դժգոհ չէր, այչևս չէր տրտնջում, բայց մի առանձին հպարտությամբ պարծենում էր իր հարևանների մոտ, որ իր տանը կենում է մի մեծ մարդ։
Նույն օրը, երբ Աթենքի այդ աղքատ թաղի փողոցները որոտում էին բազմության կեցցեներով, երբ Պարույրին հաղթական փառքով տանում էին դեպի իր բնակարանը, ամբոխի մեջ գտնվում էր և մի անծանոթ օտարական։ նա բոլորովին աննկատելի մնաց խուռն բազմության մեջ, թեև նրա դեմքը, օտարոտի հագուստը բավական աչքի ընկնող էր։
Օրը անցավ, մութը պատեց, աղքատ թաղի փողոցները դատարկվեցան մարդիկներից։ Բայց օտարականը միայնակ դեռ թափառում էր այնտեղ։ Նա մի քանի անգամ մոտեցավ այն խրճթին, ուր բնակվում էր օրվա հերոսը։ Բայց նկատելով, որ դեռ նրա մոտ մարդիկ կան, ներս չմտավ։
Նա շարունակեց ման գալ, մինչև մարդիկը դուրս կգային: Հարյուր անգամ անցուդարձ արեց փողոցի երկարությամբ և ամեն անգամ մոտենում էր դռանը, ականջը դնում էր նրա ճեղքին, և դարձյալ ձայներ էր լսում։
Օրը սկսել էր լուսանալ, գյուղացիները ավանակներով նպարներ էին տանում դեպի հրապարակը, այդ մարդը դեռ այն փողոցից չէր հեռացել։
Հետևյալ օրվա միջօրեի պահուն, մի նոր բազմություն ուրախաձայն աղաղակներով, դարձյալ դիմում էր դեպի Հռետորի բնակարանը։ Օտարականը խառնվեցավ այդ բազմության հետ։— էլ ի՞նչ կա,— հարցրեց նա մեկից։— Կայսրի հրովարտակն են տանում,— պատասխանեց նա։
Մի փառք մյուս փառքի հետևից։ Կոստանդ կայսրը կոչում էր հռետորին իր մոտ։
Օտարականը այդ լսելով, գլուխը շարժեց և հեռացավ։
Բ
Երկու օր անցել էր, երբ մի գիշեր օտարականը դարձյալ հայտնվեցավ հռետորի խրճիթի դռանը։ Ներսից ձայն չէր լսվում։ Նա սկսեց բախել դուռը։ Սպասավորը պատասխանեց, թե իր տերը