Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչով,— դարձյալ կրկնեց հռետորը:— Գնում եք կռվելո՞ւ պարսիկների հետ։

— Ինչո՞ւ չէ, եթե հարկավոր կլինի,— պատասխանեց երիտասարդը հայտնի վրդովմունքով, որ պատճառեց նրա մեջ հռետորի սառնասրտությունը։

Հռետորը նկատելով այդ, ասաց.

— Գնացեք, գովում եմ ձեր եռանդը։

Երիտասարդը ավելի զայրացավ։

— Պարո՛ւյր,— գոչեց նա,— ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրենիքի համար կորած մարդ եք: Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում և դուք սառնասրտությամբ լսում եք: Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել: Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը,— դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի քանի ժամանակ ձեր ծնողների հետ: Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը: Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս:

Հռետորը զգացվեցավ։ Երիտասարդը շարունակեց.

— Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով դուք շատ մեծ եք ինձանից: Բայց մի մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելություն անունով թողեցին հայրենիքը — որոնք ուխտեցին մեր Սահակ հոր և Մեսրոպի առջև գնալ, աշխարհե-աշխարհ պտտել, և գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել: Դուք, ես և մեր բոլոր ընկերները ամեն զոհողություններ հանձն առնելով, անցանք Եդեսիա, Անտիոքիա, Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ և Աթենք, այցելեցինք գիտության բոլոր տաճարները և հագեցրինք մեր ծարավը։ Նպատակի մեծությունը բորբոքեց մեր եռանդը, գաղափարի վսեմությունը մեզ ուժ և զորության բաշխեց։ Մեզանից ամեն մեկը նշանավոր գտնվեցավ իր ասպարեզի մեջ։ Իմ քեռորդի ընկեր Դավիթը[1] Բյուզանդիայում, Մարկիանոս կայսրի ներկայությամբ, մրցության

  1. Դավիթ անհաղթը հայտնի է իր փիլիսոփայական ինքնուրույն և թարգմանական ամենահետաքրքրիր աշխատություններով, որոնց մեջ նշանավոր է «Սահմանաց գիրք կամ Սահմանք իմաստնասիրութեան»: