նրանք ընտրեցին քեզ, ինձ և իրանց հառաջադեմ աշակերտներից շատերին, և ուղարկեցին Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ, Աթենք բարձր ուսում ստանալու համար։ Մենք անցանք քաղաքներ, որ հունական գիտությունը ստանալով, վերադառնանք մեր հայրենիքը, և իրանցից ստացած զենքերով իրանց հետ պատերազմենք։
— Դա շատ նպատակահարմար միջոց է,— պատասխանեց հռետորը դադարելով խաղալ իր մորուքի հետ:
— Բայց այդ զինվորներից մեկն էլ դուք պետք է լինիք,— պատասխանեց երիտասարդը ուղիղ հռետորի աչքերի մեջ նայելով։— Ես հենց դրա համար էլ եկա ձեզ մոտ, որ միասին գնանք։
Հռետորը խորին վարանման մեջ ընկավ։ Նա այդ առաջարկությունը չէր սպասում երիտասարդից։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։
Երիտասարդը խոսեց։
— Հասկանում եմ ձեր լռության և մտատանջության պատճառը, Պարույր, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող։ Այն փառքը, այն հռչակը, որ դուք վայելում եք այստեղ, շլացրել են ձեզ։ Թողնել այդ բոլորը և գնալ թշվառ հայրենիքը, ուր շատ զոհողություններ է պահանջվում գործիչներից,— դա վախեցնում է ձեզ։ Մեր ընկերները Դավիթ Անհաղթը, Եղիշեն, Եզնիկը, Ղազար Փարպեցին, Կորյունը, իմ եղբայր Մամբրեն, Հովսեփը, Ղևոնդը, մի խոսքով բոլոր ուսանողները, որոնք զանազան երկրներում էին գտնվում, այժմ վերադարձել են կամ վերադառնալու վրա են։ Մնացել ենք ես և դուք, գնանք, չհապաղենք, հայրենիքը կոչում է մեզ։ Գնանք գիտության և լուսավորություն տարածենք մեր աշխարհում, բաց անենք մեր հայրենակիցների աչքերը, սովորեցնենք նրանց, որ հասկանան իրանց չարն ու բարին,— հասկանան, թե ո՛րպիսի անդունդի եզրում են կանգնած, որ գլորվելով նրա մեջ, պիտի կորչեն հավիտյան։ Դուք այնպիսի զորեղ հանճար ունեք, որ մնալով այստեղ, ես հավատացած եմ, ավելի ևս կբարձրանաք, և գուցե առաջինը կլինեք մեր ժամանակի փիլիսոփաների ու հռետորների մեջ։ Բայց դրանից ի՞նչ օգուտ ձեր հայրենիքին։
— Դրանից կօգտվի մարդկությունը,— պատասխանեց հռետորը երկար լռությունից հետո։— Ես ծառայելով գիտությանը, միևնույն ժամանակ ծառայում եմ ամբողջ աշխարհին։