— Այդ իրավ է,— ասաց երիտասարդը փոքր-ինչ տաքացած կերպով:— Բայց դուք չե՞ք ընդունում որ մի առանձին պարտավորություն ունեք դեպի ձեր հայրենիքը և դեպի ձեր հայրենակիցները:
— Ընդունում եմ, բայց իմ նպատակը շատ ընդարձակ է: Գործեցեք դուք, կամ ով որ ցանկանում է ձեզ հետ, փոքրիկ շրջաններում, կամենում եմ ասել՝ մարդկության առանձին բաժինների մեջ, որ դուք ազգ եք կոչում։ Բայց իմ հայրենիքը ամբողջ աշխարհն է, իսկ իմ հայրենակիցները — ամբողջ մարդկությունը:
Կրակոտ երիտասարդը զայրացած կերպով կանգնեց.
— Դա մի կեղծավոր պատճառաբանություն է, Պարույր,— ասաց նա և սաստիկ վրդովմունքից նրա հզոր ձայնը կտրատվում էր։— Դուք, այսպես խոսողներդ, գիտության փարիսեցիներ եք։ Մասնավորի համար անընդունակ լինելով գործել, միշտ ընդհանուրի անունով եք խոսում, ինչպես իրանց մասնավոր պարտքը վատ վճարողները, ընդհանուր սեփականություն են քարոզում։ Ես հույս ունեի, որ դուք երկար խոսել չէիք տալ ինձ, այլ լսելով թշվառ հայրենիքի դրությունը կընկերանայիք ինձ հետ և հենց այս առավոտ կթողնեիք Աթենքը։ Բայց ես ավելի խոսեցի, քան հարկավոր էր, և դա իզուր ժամանակի կորուստ եղավ ինձ համար։ Գիտության սերը և հանրամարդկային լուսավորություն տարածելու գաղափարը չէ, որ կապում է ձեզ Աթենքի հետ, այլ սնոտի փառքը և այն մագաղաթի կտորը, որ գրած է ձեր սեղանի վրա...
Այդ խոսքերի հետ նա ձեռքը մեկնեց և վեր առեց կայսրի հրովարտակը, որ նույն օրը ստացել էր հռետորը և բարձրացնելով ասաց.
— Ահա, այդ մագաղաթի կտորն է, որ հրապուրում է ձեզ։ Արևելքի և արևմուտքի կայսրը այդ հրովարտակով հրավիրում է ձեզ իր մոտ։ Իսկ մյուս կողմից, անբախտ հայրենիքը իմ բերանով կոչում է ձեզ։ Դուք մերժում եք նրա ձայնը, և այդ պատճառով անարժան եք Հայաստանի զավակ կոչվելու։
Վերջին խոսքերի հետ երիտասարդը հեռացավ։ Հռետորը շանթահարի նման մնաց ապշության մեջ։
Երիտասարդը Մովսես Խորենացին էր։