Այնպես գետնատարած, լուռ ողբում էր նա, մինչև անապատի զանգակատնից լսելի եղավ վաղորդյան կոչնակի թախծալի հնչյունը: Այդ մեղմ հնչյունը սթափեցրեց նրան իր հոգեկան խորին հափշտակությունից։ Գլուխը վեր բարձրացրեց և մի առանձին սոսկումով նայեց իր շուրջը։ Օրը լուսանում էր... Կարծես նա վախենում էր, որ իրան կտեսնեն այստեղ։ Ոտի կանգնեց...
Ո՞վ էր այդ գիշերային այցելուն, այդ ո՞ւմ դամբարանի վրա է թափում իր դառն արտասուքը։
— Խաղաղությո՜ւն քո սուրբ ոսկերացը, ո՛վ երանելի հայր,— բացականչեց նա, սգավոր հայացքը ձգելով շիրիմի վրա։— Երկար ճանապարհորդություններից հետո, քո դժբախտ աշակերտը վերադառնալով հայրենիք, մեծ հույս ուներ քո գրկի մեջ մխիթարություն գտնել և մխիթարել քեզ։ Բայց նա չարժանացավ քո քաղցր տեսությանը, չլսեց քո բարի շրթունքների վերջին օրհնությունը, և ոչ իր ձեռքով փակեց այն սրատես աչքերը, որոնք հայրենիքի հեռու և մերձ աղետները տեսնելով, փոխանակ արտասուք թափելու, ամեն ջանքով աշխատում էին դարման տանել։ Քո պատվիրանաց համեմատ, գնացի, անցա երկրից երկիր, քաղաքից քաղաք, այցելեցի գիտության բոլոր տաճարները, և լի հմտություններով վերադարձա իմ հայրենիքը։ Բայց ո՞վ այսուհետև գին կդնե այն մտավոր մթերքին, որ բերել եմ օտար աշխարհներից[1]: Դու և քո վեհափառ գործակիցը (Սահակ) միայն հասկանում էիք, թե ի՞նչ է ճշմարիտ լույսը և ուղիղ վարդապետությունը։ Անգութ մահը միաժամանակ խավարացրեց այդ երկու արեգակները, և մութը տիրեց հայոց երկրին։ Լավերը գնացին, այժմ նրանց փոխարինում են վատերը։ Մեր սուրբ լուսավորիչ հոր աթոռը ժառանգել են ասորիները, կամ այնպիսի հայ հայրապետներ, որոնք աշխատում են ավելի բռնակալ պարսից Դռանը հաճոյանալ. քան թե Հիսուս Քրիստոսի սուրբ եկեղեցուն[2]։ Մեր այժմյան վարդապետները[3].
- ↑ Ո՞վ այսուհետև զմերս յարզեսցէ զուսումն, ո՞վ ուրախասցի ընդ առաջադիմութիւն աշակերտիս, ո՞վ զհայրականն բարբաոեսցի զուարճութիւն։
Խորենացի
- ↑ Ողորմի՜մ քեզ, եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեկարգութենէ բեմբին, ի քաջէն զեկեալ Հովուէ և Հովուակցէ (կաթողիկոսից և թագավորից)։ Ոչ ես տեսանեմ զբանա, որ քո հօտ ի վայրի գալարւոջ և առ ջուրս հանգստեան տածեալս, և ոչ փարախ հավաքեալ՝ զգուշանալով ի գայլոց, այլ ցրուեալս անապատաց, և գահավիժութեանց։
- ↑ Վարդապետը տխմարք և ընդինքնահաճք անձամբ առեալ պատիւ և ոչ աստ աստուծոյ կոչեցեալ, արծաթով ընտրեալք և ոչ հոգւով, ոսկեսէրք, նախանոտք, թողեալ զհեզութիւն, յորում աստուած բնակէ, և գայլք եղեալ՝ զիւրեանց ոտք գիշատելով: