Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցու անպիտան պաշտոնյաների թիվը: Հիշյալ անկարգ դաստիարակների շնորհիվ, ի՞նչ տեսակ սերունդ է պատրաստվում այժմ, ի՞նչ է մեր դպրոցների աշակերտաց վիճակը[1]: Այլևս առաջվա սերը դեպի ճշմարիտ գիտությունը, և առաջվա եռանդը դեպի օգտավետ ուսումը չէ մնացել։ Մեր դպրոցները կրթում են մի ծույլ, դատարկամիտ սերունդ, որը դեռ ոչինչ չսովորած, աշխատում է երևելի աստվածաբան ձևանալ, որը դեռ բոլորովին տգետ լինելով սուրբ գրքերի մեկնության մեջ, սկսում է վարդապետություններ անել։ Դպրոցը, այդ սուրբ եկեղեցու սուրբ նախագավիթը, չէ սերմանում մանուկների սրտում այն մաքուր և սրբազան սերմերը, որ նրանք ապագայում եկեղեցու և հայրենիքի հավատարիմ զավակներ դառնային, որ նրանք ճանաչեին իրանց պարտքը դեպի երկինքը և դեպի աշխարհը — մարդկությունը։ Այժմյան դպրոցը, ընդհակառակն, խեղդում, ոչնչացնում է մանուկների սրտում այն դեռաբույս ծիլերը, որոնք ապագայում աճելով և ծաղկելով, կարող էին բարի պտուղներ տալ...

Նա փոքր-ինչ կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Ահա այսպիսի անձանց ձեռքումն է եկեղեցու տնտեսությունը, և ժողովրդի հոգևոր ու մտավոր կրթության գործը։ Իսկ մե՞նք։— Մենք այժմ համարվում ենք աղանդավորներ[2]: Տգետ, խավարամիտ և կեղծավոր կղերը հալածում է մեզ։ Մեր գրավոր աշխատությունները համարում են վնասակար[3]. մեր ուսումը, մեր վարդապետությունը համարում են մոլորեցուցիչ։ Մի տեր, մի մեծ չկա, որ սանձահարե այդ նախանձոտ, չարամիտ պարեգոտավորների զրպարտությունները[4], որոնք ամեն ստախոսությամբ գրգռում

  1. Աշակերտք հեղգ առ ուսումն և փոյթ առ ի վարդապետեալ, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք։
    Խորենացի
  2. Այլ ասեն. աղանդաւոր է։ Եվ գալս ստէպ ծանուցանել ամենեցունց ճեպէին. զորս հաւատացուցեալ ի տկարամտաց` թերի վարդապետութիւն շնորհին որ էր ի յիս հայեցուցանէին։
    Ղազար Փարպեցի
  3. Երանելի փիլիսոփոսն ՄովսԷս (Խորենացի), որ արդարև մինչ դեռ էր և մարմնի՝ ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից. ո՛չ ապաքէն ի աեղւոջէ ի տեղի աբեղեանդ Հայոց հալածական արարին: Ո՛չ զլուսաւորիչն ի զագիտահալած զգրեանս նորա առ անգիտութեան «փաթաղիկէս» կոչէին...
    Ղազար Փարպեցի
  4. Ո՛վ կարկեսցէ զյանդգնութիւնն ընդդէմ առողջ վարդապետութեանն հակառակ յարուցելոցն, որք ամենայն բանիւք քակտեալք և քայքայեալք՝ յոլովս փոփոխեն վարդապետս և բազում գիրս... Ո՜վ զնոցա ըմբերանեսցէ աստելով. և զմեզ սփոփեսցէ գովելով, և չափ դնէ բանի և լռութեան:
    Խորենացի