են միամիտ ժողովրդին մեր դեմ և արգելք են դնում մեր գործունությանը։ Դու, ով երանելի հայր, քո հզոր գործակցի (սուրբ Սահակի) հետ, ձեր աշակերտներից ստեղծեցիք եկեղեցականների մի նոր սերունդ։ Դրանց թիվը փոքր չէր։ Չբավականանալով այն ուսումով, որ ստացել էին նրանք ձեր հոգաբարձության ներքո, դու և քո մեծ գործակիցը ուղարկեցիք նրանց օտար երկրներում կատարելագործվելու։ Նրանք գնացին և վերադարձան գիտության մեծ պաշարով։ Բայց ի՞նչ եղավ նրանց վախճանը։ Խավարամիտ կղերը շատերին թույլ չտվեց, որ ներս մտնեին հայրենի երկրի սահմաններից[1], և որոնք մտան հալածվեցան... Այժմ հայրենիքի այդ անձնազոհ մշակները թաքուստի մեջ են ապրում և միայն գաղտնի են գործում։ Նրանք համարձակություն չունեն օտար աշխարհներից բերած գիտության պաշարը ժողովրդին մատակարարելու։ «Թարգման» անունը մեր վերաբերությամբ ծաղրական և նախատական անուն է դարձել հնամոլ կղերի բերանում։ Մենք, որ ամեն ջանք գործ էինք դնում, աշխատում էինք, և այժմ աշխատում ենք, որ հայը հայոց լեզվով խոսե իր տան մեջ, որ հայոց լեզվով աղոթե աստուծո տան մեջ,— մենք, որ աշխատում էինք, և այժմ աշխատում ենք` ամեն ինչ հայացնել, ամեն բանի ազգային գույն տալ,— մենք, որ քո ստեղծած տառերով թարգմանեցինք բոլոր սուրբ գրքերը և այդ աստվածապարգև տառերը աշխատում էինք մտցնել հայոց կյանքի և գործածության մեջ,— մենք, որ մեր ամեն ուժերը գործ էինք դնում, որպեսզի մեր դպրոցները, մեր եկեղեցին ազատ պահենք նենգավոր հույնի, ժանտ պարսկի և խաբեբա ասորու վնասակար ազդեցություններից,— մենք այժմ հալածվում ենք մեր աշխատությունների համար, և հալածվում ենք ովքերից,— մերայիններից...
Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ, նրա ձայնը վրդովմունքից խեղդվեցավ և նրա աչքերում փայլեց բարկության կրակը։
- ↑ Անապատ և յամենեցունց չարգելի յոյսն` տէր Խոսրովիկ, չե ևս հասեալ ի սահմանս մեր` մինչ դեռ գալը ի ճանապարհի և լուան (աբեղայք) որպէս ի վերայ թշնամու ընդդէմ գիտեցան` ասելով. «Ահա ո՞ւր գալ միւս թարգմանե»։ Եւ օրհնելոյն ի հեռաստանէ լուեալ զգոնչիւն համաձայն աղեղանցն` աղօթեայ առ բարձրեայն և վաղվաղակի ընկալաւ զխնդիրն, որում և տենչալի նշխարացն այլք` և ոչ մեք, արժանի եղեն ընդունակութեան։ Ղազար Փարպեցի