Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նայիր, ո՛վ սուրբ հայր, նայիր հոգվո աչքերով, տե՛ս իմ ցավալի վիճակը։ Այդ ճանապարհորդական ցուպը ձեռիս, այդ պարկը ուսիս, այդ հնոտի հագուստը հագիս, մի ողորմելի մուրացկանի նման, եկել, հասել եմ այստեղ։ Մեր վանքերը, որոնց մեջ ամեն օտարական օթևան և սնունդ է գտնում,— մեր վանքերը ինձ գիշերելու անգամ մի անկյուն չէին տալիս, և շատերի մեջ ինքս չէի համարձակվում մտնել, որպեսզի չընկնեմ չարամիտների որոգայթի մեջ... Շա՜տ օրեր քաղցած եմ մնացել, շատ անգամ ստիպված եմ եղել մոտենալ բարի գյուղացիների դռանը և մի պատառ հաց խնդրել։ Թաքցրել եմ իմ ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելս... Եվ այն մարդը, որ Բյուզանդիայում Մարկիանոս կայսրին զարմացնում էր իր իմաստությամբ, և նրա հյուրասիրությունն էր վայելում,— այժմ այդ թշվառը իր հայրենիքում գլուխը ցույց տալու համարձակություն չունի...

Նրա զայրացած դեմքի վրա դարձյալ նշմարվեցան բարկության ցնցումներ, որոնց րոպեական լռությունից հետո փոխարինեց խաղաղ հեզություն։

— Իսկ այդ բոլոր հալածանքները չեն կարող վհատեցնել ինձ, չեն հուսահատվի և իմ ընկերները։ Մենք, որպես անձնազոհ զինվորներ, ուխտել ենք պատերազմել խավարի և տգիտության դեմ,— ուխտել ենք պատերազմել վաճառված կղերի դավաճանության և չարիքների դեմ, այն կղերի, որ մեր արքունի գահը կործանող և մեր հայրապետական աթոռը խորտակող պարսկի ձեռքում այժմ մի հարմար գործիք է դարձել մեր աշխարհի մնացած զորությունները ոչնչացնելու համար...

Նա կրկին ծունր իջավ շիրիմի մոտ և նրա շրթունքները համբույր մատուցին սառը տապանաքարին։

— Երդվում եմ այս սուրբ շիրիմով,— բացականչեց նա,— և կրկնում եմ իմ ուխտը, որը կմնա անխախտ մինչև իմ կյանքի վերջին շունչը։ Հալածանքը, նեղությունը չեն կարող մեռցնել այն հոգին, որը դու, ո՛վ երանելի հայր, ներշնչեցիր իմ սրտի մեջ։ Ես միշտ հավատարիմ կմնամ այն մեծ գործին, որի առաքինության համար կոչվեցա։ Քո բարձր նպատակը մեր հայրենիքի փրկության մասին, կրթության և լուսավորության միջոցով, պետք է իրագործվի։ Այն հիմքը, որ հմուտ ձեռքով դրեցիր դու,— ես և իմ ընկերները կշարունակենք նրա վրա շինվածքը։ Մեր անբախտ աշխարհը կորցրեց քեզ, բայց քո հոգին և քո վսեմ միտքը կենդանի մնաց մեր սրտում։ Դու և քո հզոր գործակիցը, իրավ է, թողեցիք աշակերտների