Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ Մովսես։

— Խորենացին։

Ժամկոչը մնաց շվարած։

— Աչքովդ տեսա՞ր, ճանաչեցիր, խոսեցի՞ր նրա հետ։

— Քնթովն խո չէի տեսնի, հեր-օրհնած,— պատասխանեց սպասավորը, այժմ մյուս կողքը քորելով։— Հենց այս երկու աչքերովս տեսա, լավ ճանաչեցի, բայց չխոսեց ինձ հետ։ Ես նրան ճանաչում էի այն ժամանակից, երբ այսքան տղա էր։

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը մի կանգուն բարձրությամբ բռնեց գետնի վրա, որ ցույց տա, թե ինչ հասակի տղա էր։ Ժամկոչը ձեռքով բազմախորհուրդ կերպով շփեց իր ճակատը և հազիվ լսելի ձայնով ասաց.

— Մեր հայր-սուրբերը նրան որոնում էին...

— Նրան հիմա ինքը սատանան չի գտնի։

— Ինչո՞ւ։

— Դու չե՞ս իմանում, որ Հոռոմստանից նոր եկած վարդապետները բոլորն էլ կախարդներ են...

Դ

Մի ևս յայսմհետէ բարձր ի գլուխ
          պարծի Կեկրոպիա.
Ոչ է օրէն ընդ արեգական զաղօտալոյսըն
          կշռել ջահ.
Ոչ մահացուի ընդ Պրոյերեսեայ գալ
          ի պայքար հռետորական
Որ զհամօրէն նուաճեաց զերկիր ի ճարտասան
          բանիցն հանդէս։
Ի շանթեացն` յեղակարծուց սասանեցաւ
          Ատտիկաստան.
Եվ ընդհանուր կռկռվաբան իմաստակաց
          կոկոզ կաճառք`
Տէղի և տուն Պրոյերեսիայ. տալ ետ
          տեղի և ինքըն բախտ,
Անշըքեցան փառքն Աթենայ պածառք`
          ի դառն ի յօրհասէն.
Փախերուք այսուհետև ի Կեկրոպիայ,
          մանկունք համբակք։
              Գրիգոր աստուածատուր

Մի բարձրահասակ մարդ, պատկառելի դեմքով, համարձակ ելումուտ էր անում Կոստանդ կայսրի շքեղ արքունիքը։ Պալատականները