ամենայն ակնածությամբ ոտքի էին կանգնում նրա առջև և խորին հարգանքով ողջունում էին նրան:
Նա ոչ մեծահռչակ զորավար էր և ոչ երկրների կուսակալ: Նա ոչ կայսրի գերիշխանության ներքո գտանվող մի թագավոր էր և ոչ իշխան: Նրա պարզ, անշուք հագուստն անգամ չէր ցույց տալիս, որ նա աշխարհի աստիճաններով օժտված մեկը լիներ։ Երբեմն տեսնում էին նրան բոբիկ ոտներով պալատը մտնելիս, երբեմն նա գլխարկ չուներ, և երկայն ծամերը կապված էին լինում հասարակ վարասակալով։ Բայց դարձյալ ամեն գլուխ խոնարհվում էր նրա առջև։
Այսպես անփույթ կերպով, այսպես աշխարհի կարգերը արհամարհելով, մուտք ունեն հզորների պալատը երկու տեսակ անձնավորություններ միայն` մարգարեն և փիլիսոփան։ Այդ մարդը փիլիսոփա էր և հռետոր։
Կայսերական սեղանի ամենապատվավոր տեղում նա բազմող ուներ։ Այն սեղանը, որի շուրջը երկրների թագավորները ոտքի վրա սպասավորություն էին անում,— այն սեղանը իրան մեծ պատիվ էր համարում այդ մարդու ներկայությունը։ Բայց այն հոքս սեղանը, որ լի էր աշխարհի ամենահազվագյուտ բարիքներով, որի վրա ոսկյա և արծաթյա ամանների մեջ դրած էին երկրների ամենաթանկագին ըմպելիները,— այդ սեղանը չէր գրավում նրա ախորժակը։ Նրա խմածը պարզ ջուր էր, իսկ կերածը ցամաք հաց թարմ պտուղներով։
Այդ մարդը Հռովմի մեջ հյուր էր։ Նա կայսրի պալատը կենդանացնում էր իր իմաստուն պերճախոսությամբ, իսկ քաղաքների թագուհուն միտք և հոգի էր տալիս իր հռետորական ճառերով։ Ամեն ոք խորին հրճվանքով սքանչանում էր, որ Կիկերոնը կրկին հարություն է առել, ամեն ոք, սկսյալ ծերակույտի ատենակալից մինչև վերջին քաղաքացին, շտապում էր նրա դասախոսոթյունները լսելու։
Ամբողջ վեց ամիս նա մտավոր և հոգեկան սնունդ էր բաշխում Հռոմին, և երբ պետք է մեկներ այնտեղից, քաղաքը վճռեց հավերժացնել նրա հիշատակը պատվի արձանով։
Քաղաքի ավելի ակնհայտնի հրապարակներից մեկի վրա կանգնեցրած էր պղնձյա արձանը, որ հռետորի հասակի չափը և նմանությունն ուներ։ Բացման հանդեսը կատարվեցավ ամենփառավոր կերպով, որպիսին ընդունակ է կատարել Հռովմի տոնասեր