ճաշակը. երբ բարձրացրին արձանը ծածկող քողը, նրա պատվանդանի վրա կարդացվեցավ հետևյալ մակագրությունը:
«Թագուհին Հռովմ թագաւորի բանին»։
Միևնույն օրերում, երբ կայսրի պալատի բոլոր դռները բաց էին Հռետորի առջև, երբ նա համարձակ ելումուտ էր անում այնտեղ որպես մի հարգելի հյուր,— նույն պալատի դռան առջևի հրապարակի վրա, համարյա ամեն օր, դեգերում էին երկու արևելցիք։ Նրանց հագուստից, զենքերից և այլ նշաններից երևում էր, որ այդ օտարականները հասարակ մարդիկ չէին, այլ, կամ փոքրիկ թագավորներ էին, կամ երկրների տիրապետող իշխաններ։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր հետ մի խումբ թիկնապահներ և սպասավորներ, յուրաքանչյուրը կրում էր կարմիր կոշիկներ և կարմիր գույնով վարտիք, որ նշան էին նախարարի։ Մի շաբաթից ավելի կլիներ, որ այդ օտարականները երևում էին պալատի դռան առջև, բայց դեռ մուտք չէին գործել արքունիքը և չէին ներկայացել կայսրին, թեև հատկապես այդ նպատակով եկած էին։ Նրանք մի քանի անգամ միայն տեսնվել էին Փոքր Ասիայի կուսակալի հետ, որը միշտ հուսադրում էր, թե օր կորոշե նրանց ներկայացնելու կայսրին։ Բայց օրերը անցնում էին և նրանց խնդիրքը մնում էր անկատար։ Երբ օտարականները շատ թախանձում էին, մի անգամ կուսակալը հեգնությամբ ասաց նրանց «Կայսրի դռանը թագավորներին անգամ ամիսներով և տարիներով սպասել են տալիս, բայց դուք` հայերդ, երևի շատ անհամբեր եք...»։
Համարյա միևնույն օրերում, երբ հռետորը ստացավ այն մեծ պատիվը, երբ վերջացած էր արձանի բացման հանդեսը և երբ նա պատրաստվում էր թողնել Հռովմը,— այդ ժամանակ երկու օտարական իշխանները ներկայացան նրան։ Առանց հայտնելու, թե իրանք ովքեր են և ինչ նպատակով են եկել, տվեցին նրան մի նամակ, որ գրել էր հայոց կաթողիկոս սուրբ Վրթանեսը։ Հայրապետական պատշաճավոր օրհնություններից և բարեմաղթություններից հետո նամակը սկսվում էր հետևյալ խոսքերով։
«Մե՜ծ փառք և պարծանք է հայոց ազգի և Հայաստանի համար, որ իր հարազատ զավակներից մեկը իր իմաստությամբ զարմացնում է ամբողջ արևելքն ու արևմուտքը, իսկ իր հանճարով բարձր պատիվ է վայելում Հռովմի օգոստափառ կայսրի պալատում։ Այսպիսի պատվի չէ արժանացել և ոչ մի աշխարհակալ, որ Հռովմեական Կայսրության սահմանները տարածեցին դեպի Ասիայի և Աֆրիկայի խորքերը։