Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաշտենից Գագ իշխանի ձեռքով։ Այդ իշխանները բերանացի կպատմեն ձեզ, ինչ որ պակաս ենք թողել մեր նամակի մեջ[1]:

Ոչ մի ջիղ ոչ մի մկնակ չշարժվեցավ հռետորի սառն դեմքի վրա այդ ողբալի նամակի ընթերցանության ժամանակ: Նա մի կողմ դրեց նամակը և մտածության մեջ ընկավ, որպես մի մարդ, կողմ որ գտնվում է անել դրության մեջ։

— Դուք դեռ չե՞ք ներկայացել կայսրին,— հարցրեց նա, դառնալով դեպի երկու իշխանները։

— Ոչ, չնայելով որ այդ մասին բազմիցս խնդրած ենք պալատականներից,— պատասխանեցին նրանք։

— Իսկ կայսրին հայտնի՞ է ձեր գալուստը։

— Հարկավ պետք է հայտնի լինի. մենք դատարկաձեռն չէինք եկած, մենք բերել էինք մեզ հետ արքայավայել ընծաներ, մեր ընծաները ցույց են տվել կայսրին։ Այդ մասին ձեզ ևս գրել է մեր Վրթանես հայրապետը։

— Այո՛, գրել է... Իսկ այժմ ինչո՞ւմն է դժվարությունը։

— Իսկապես ոչինչում,— պատասխանեց Հաշտենից իշխանը։ — Ի՞նչ դժվարություն պիտի կրենք, երբ մենք ունենք կայսրի պալատում մի ձեզ պես հարգված անձն։ Բավական է ձեր մի խնդիրքը և կայսրը կկատարե մեր խնդիրքը։ Այժմ ձեզանից է կախված մեր պատգամավորության հաջողությունը։

— Ինձանի՞ց,..— հարցրեց հռետորը շփոթվելով։— Բայց ես չգիտեմ, թե ո՛րքան հարմար կլինի իմ միջամտությունը...

Երկու իշխանները մնացին զարմացած. նրանք այսպիսի պատասխանի չէին սպասում։

— Ինչո՞ւմն է ձեր տարակուսանքը,— հարցրեց Ծոփաց իշխանը։

— Նրանում, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ բոլորովին հայտնի չէ, թե կայսրը ի՞նչ հայացք կամ նպատակներ ունի Հայաստանի թագավորության մասին։

Ծոփաց իշխանը, որ ավելի դյուրագրգիռ էր, քան թե իր ընկերը, բավական զայրացած կերպով ասաց.

  1. Ուստի ուշ ի կուրծս անկեալ և ի միտս եկեալ նախտրարացն հայոց, ժողովեցան առ մեծն Վրթանէս, և առաքեցին երկուս ի պատուաւոր իշխանացն. զՄար իշխանն Ծոփաց, և իշխանն Հաշտենից, երթալ ի նախագահ քադաքն առ կայսրն Կոստանգոս՝ որդի Կոստանդիանոսի, հանդերձ պատարագա և թղթով:
    Խորենացի