Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ձեր հայրենիքի մահվան և կյանքի խնդրին,— նկատեց Հաշտենից իշխանը։

— Հենց այդ է, որ ինձ դժվարության մեջ է դնում,— պատասխանեց հռետորը մի առանձին բավականությամբ, որպես թե, վիճաբանության խնդիրը արդեն լուծվեցավ։— Իմ հայրենիքը ավելի մոտ է իմ անձին, քան թե մի օտար երկիր. իմ շահերը ավելի կապված են իմ հայրենիքի հետ, քան թե մի օտար երկրի հետ. այստեղից այն պարզ եզրակացությանը կհասնենք, որ խնդրելով իմ հայրենիքի համար, միևնույն է, որ ես կխնդրեի իմ անձի համար։ Բայց ես իմ անձնական շահերի համար խնդրելու սովորություն չունեմ։ Ավելի մեծ հոժարությամբ կմիջամտեի ես, եթե Հայաստանը մի օտար երկիր լիներ։

Երկու իշխաններն ևս զայրացած կերպով ոտքի ելան։

— Մեր խոսակցությունը վերջացած է,— ասացին նրանք։— Այժմ ամեն ինչ մեզ համար պարզ է։ Դուք վերին աստիճանի եսական եք, Պարույր։ Դուք չեք ցանկանում ձեր անձնասիրությունը զոհել հայրենիքի փրկության համար։ Դուք վախենում եք կայսրի աչքում հայրենասեր երևալ, որովհետև այդ կարող էր կասկածանքի ենթարկել ձեր անձը։ Բայց իմացած եղեք, Պարույր, եթե ինքը կայսրը հռովմայեցու սիրտ ունի, նա կհարգե հայրենասիրությունը ամեն մի անհատի մեջ։ Նա վա՜տ, ցա՜ծ և փոքրոգի՜ կհամարի այն մարդուն, որ դեպի իր հայրենիքի դժբախտությունը սառնասիրտ է մնում...

Երկու իշխանները հեռացան։

Հռետորի դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպիտ, նման այն ժպիտներին, որ երևում է չափահաս, զարգացած մարդկանց դեմքի վրա, երբ լսում են մի երեխայի դատողությունները։

«Պարզամի՜տ մարդիկ,— ասաց նա իշխանների հեռանալուց հետո,— ամեն մի բռնակալ հայրենասիրությունը ներելի է համարում միայն իր և իր համացեղ հպատակների համար, իսկ դեպի օտարի հայրենասիրությունը անհամբեր է լինում»...

Մյուս օրը հռետորը պետք է թողներ Հռովմը։ Նա պատրաստվեցավ ներկայանալ կայսրին և իր վերջին հրաժարական ողջույնը մատուցանել։ Մի խումբ պալատական աստիճանավորներ նրան առաջնորդում էին դեպի արքունիքը։ Կայսրը ընդունեց նրան խորին խնդակցությամբ, և միևնույն ժամանակ իր ափսոսանքը արտահայտելով, որ զրկվում է իր սիրելի հյուրի ախորժելի հասարակությունից։