— Շնարհակալ եմ քեզանից, Պրոերեսիոս,— ասաց աշխարհի վեհապետը, ձեռք տալով նրան,— քո ներկայությամբ իմ պալատում՝ դու քաղցրացրիր իմ բազմահոգ ժամերը, իսկ քո իմաստությամբ իմ քաղաքում՝ դու բարձրացրիր ճարտասանական ամբիոնը։ Քաղաքը կատարեց իր շնորհակալության պարտքը և քո անունով արձան կանգնեցրեց։ Մնում եմ ես։ Խնդրի՛ր ինձանից, ինչ որ քո ցանկությունն է։ Ես պատրաստ եմ կատարել։
Խիստ բարեպատեհ առիթ ուներ Պարույրը, կայսրի այդ առաջարկությունից հետո, բարեխոսել իր հայրենիքի մասին, և խնդրել այն, ինչ որ նրանից պահանջում էին։ Նա հիշեց այդ, բայց տատանվեցավ անվճռականության մեջ․․․
— Պրոերեսիոսը այդ անշուք վերարկուն հագել է, որ խնդրելու ոչինչ չունենա այս աշխարհում,— պատասխանեց հպարտ իմաստասերը։
Երբ կայսրը երկար թախանձեց նրան, նա ասաց.
— Աթենքը, այդ իմաստության քաղաքը, պարգևեց ինձ մտավոր սնունդ։ Բոլորը, ինչ որ ունեմ ես, այդ քաղաքին եմ պարտական։ Ես կցանկանայի դյուրացնել աթենացոց մարմնական սնունդը։
Հետո նկարագրեց նա քաղաքի մեջ տիրող աղքատությունը, ուտեստների թանկությունը, որը ավելի ծանրանում է մաքսերի չափազանցությամբ, և վերջապես, խնդրեց, որ քաղաքը մտնող բոլոր ուտեստները, թե ալյուր, թե ցորյան և թե այլ պաշարեղեններ, բոլորը ազատ լինեն մաքսից։
Երիտասարդական հասակում, Աթենքի ամենաաղքատ թաղերից մեկում բնակված լինելով, հռետորի մեջ խիստ տխուր հիշողություններ էին մնացել քաղաքացիների թշվառության մասին։
— Ձեր խնդիրքը շատ համեստ է, բայց առաքինական է,— ասաց կայսրը։— Թող լինի այդպես, որպես ցանկանում եք։
Աթենքի Անատոլիոս եպարքոսին հրաման գրվեցավ, որ վերացնեն մաքսերը։
Հռետորը թողեց Հռովմը և ուղևորվեցավ դեպի Աթենք։ Հասնելով այնտեղ, կատարեց հռովմայեցիների խնդիրքը և իր աշակերտներից մեկին, Եվսեպիոս աղեքսանդրացուն, ուղարկեց Հռովմ, որ իր փոխարեն իմաստասիրական և ճարտասանական դասեր կարդա։
Հայոց երկու իշխանները հասան նույնպես իրանց նպատակին։