Թեև Պարույրը զլացավ նրանց մի խոսքով անգամ օգնել, և ավելի բարվոք համարեց Աթենքի աղքատների հացի համար հոգ տանել, քան թե ամբողջ Հայաստանը ազատել կործանումից,— բայց հայոց մեծահոգի իշխանները, արհամարհելով հայրենիքի խորթացած որդու օտարամոլությունը, իրանք անձամբ դիմեցին կայսրին, և մատուցանելով սուրբ Վրթանես հայրասլետի ու նախարարների թուղթը, սիրալիր ընդունելություն գտան։ Կայսրը կատարեց նրանց խնդիրքը, և Անտիոքոս զորապետին զորքով ուղարկեց Հայաստան, որը գալով՝ խաղաղությունը վերականգնեց, և Տրդատի որդի Խոսրովը իր հոր տեղը հայոց գահը բարձրացավ։
Պարույրի կատարած բարեխոսությունը, մաքսերի բարձման վերաբերությամբ, ավելի բարձրացրեց նրա հարգը աթենացոց աչքում։ Մեծ շնորհակալությամբ ընդունեցին նրան և կրկին հանձնեցին նրա բաց թողած ճարտասանական ամբիոնը։ Այդ ամբիոնը սիրում էր նա, ավելի քան մի կայսր, որ սիրում է իր գահը։ Այդ ամբիոնից իշխում էր նա մտքերի, սրտերի և հոգիների վրա։ Այդ ամբիոնին նվիրված էր նա իր հոգու բոլոր զգացմունքներով։ Եվ չպետք է զարմանալ և ոչ մեղադրել նրան, որ նա դեպի իր հայրենիքը և դեպի նրա հոգսերը անտարբեր էր։ Նա գիտության և իմաստության սիրահար էր։ Այդ սերը մոռանալ էր տվել նրան ուրիշ բոլոր սերերը։
Աթենքի ճարտասանական ամբիոնը կառավարեց նա մինչև Հուլիանոսի ինքնակալ ընտրվելու օրերը։ Այդ քրիստոնեությունը հալածող և հեթանոսական իմաստակներին հովանավորող կայսրը, որը բոլոր դպրոցներից հեռացրեց քրիստոնյա իմաստասերներին և նրանց փոխարեն հեթանոսներ նշանակեց,— այդ ուրացողը Պարույրին չդիպավ, նրան թողեց իր տեղում։ Հուլիանոսը, որ իրան ևս մեծ իմաստասեր էր համարում, բայց դարձյալ Պարույրի գիտության ու հանճարի մասին խորին ակնածություն ուներ։ Նա անձամբ ծանոթ էր հռետորի հետ, նրա հետ թղթակցում էր, և իր նամակներից մեկի մեջ կոչում էր նրան․ «Պերիկլեսի համանման, հորդառատ և անարգել գետ պերճախոսության»։
Հուլիանոսը մի առանձին ակնկալություն ևս ուներ հռետորից. նա ցանկանում էր, որ Պարույրը գրե նրա զինվորական գործողությունների պատմությունը։ Նա փափագում էր՝ երևելի հռետորի ճարտար գրչով անմահացնել իր անունը։ Բայց ազնիվ հռետորը, որ բնավ շողոքորթության սովորած չէր, մերժեց նրա խնդիրքը ասելով, «իմ ձեռքը չի գրի Քրիստոսի վարդապետությունը