հալածող մի կայսրի պատմությունը»։ Այդ մերժումից հետո, հռետորը իր հոժարությամբ թողեց Աթենքի ճարտասանական ամբիոնը, չկամենալով իր դիրքով պարտավորված մնալ կայսրին։
Նրա բազմաթիվ աշակերտների թվում նշանավոր եղան՝ մեծն Բարսեղ, Կեսարիայի պատրիարքական աթոռի պարծանքը և սուրբ Գրիգոր աստվածարանը, որ իր ստվար աշխատություններով հայտնի է հունական մատենադրության մեջ։ Այդ վերջինի գրչին է պատկանում այն բանաստեղծությունը, որ գրած է այդ գլխի ճակատին։ Նրա աշակերտներից մեկն էր նաև երիտասարդ Եվնաբիոսը, որ գրեց իր սիրելի վարժապետի կենսագրությունը։
Իբրև մարդ, Պարույրը կյանքի քնքուշ կողմերից ևս զուրկ չմնաց։ Փոքր Ասիայի Տրալլի քաղաքում գտնված ժամանակ, սիրահարվեցավ Ամֆիկլեա անունով մի հույն օրիորդի վրա, որի հետ և ամուսնացավ նա։ Այդ ամուսնությունից ունեցավ երկու դուստր, որոնց հույն փեսաների տալուց հետո, իր ազատությունը ընտանեկան կյանքով չկաշկանդելու համար, սկսեց կնոջից բաժանված ապրել։
Պարույրը խորին ծերության հասավ, նա մեռավ 95 տարեկան հասակում։ Առաքինությունը, անարատությունը նրա պատվավոր կյանքի հատկանիշներն էին։ Իսկ տոկուն և եռանդոտ աշխատությունը նրա անվաստակելի հոգու մեծ զորությունն էր։ Հունաց գրքերի մեջ նա փառավոր անուն թողեց։ Աթենքը պարծենում էր նրանով, իսկ Հռովմը նրա պատվի համար արձան կանգնացրեց։ Իսկ այդ մեծ հռետորը հայ մարդու սրտում մի փոքրիկ տեղ անգամ չգտավ։ Մեր մատենագիրներից ոչ ոք չէ խոսում նրա մասին։ Նա ապրեց, գործեց գիտության և իմաստության համար, բայց իր հայրենիքի համար կորած մարդ էր...
Նա, իրավ է, փառավոր տեղ բռնեց այն մեծ մարդկանց անունների շարքում, որոնց ստեղծել է հունաց պատմությունը, բայց անունների այդ երկայն շարքի մեջ նրա փայլը, միախառնվելով մյուս շատերի լույսի հետ, անհետացավ․․․ Բայց եթե իր հայրենիքում գործեր, նա առաջինը կլիներ, նա եզականը կլիներ, և նրա հիշատակը հավիտյան չէր մոռացվի․․․