Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խրճիթը ավելի գերեզմանի էր նման, քան թե կենդանի մարդու բնակարանի։ Դա բնակության այն նախնական ձևն էր, երբ մարդիկ իրանց կենցաղավարության եղանակներով շատ չէին տարբերվում վայրենի գազաններից։ Դա կատարյալ որջ էր։ Ցերեկով անգամ մի բան պարզ տեսնելու համար հարկավոր էր այնտեղ ճրագ վառել։ Բորբոսային անշարժ օդը խեղդելու չափ ծանր էր։ Պատերը նույնպես ծածկված էին բորբոսային կանաչությամբ։ Խոնավությունը տիրում էր ամեն տեղ։ Որ կողմ և շոշափում էիր, փուլ էր գալիս, հող էր թափվում։ Քարերն անգամ փթել, հողմահարվել էին մշտապես տիրող խոնավությունից։ Իսկ ծերունի աշխատավորը ապրում էր այդ մռայլ գերեզմանի մեջ,— ապրում էր, պատերազմելով իր սպանիչ մթնոլորտի լուծանող, քայքայող և ջլատող ազդեցության հետ։

Այդ մթին գերեզմանի մեջ երջանիկ էր նա։ Երջանիկ էր իր դառն անբախտության մեջ։ Այստեղ նրան չէին խանգարում, այստեղ նա մոռացված էր թե աշխարհից և թե իր բազմաթիվ թշնամիներից։ Այդքանն էլ բավական էր նրան, որ գոնե ժամանակ էր գտնում իրագործելու այն բարձր նպատակը, որի մեծության առջև անզգալի էին դարձել կյանքի բոլոր վշտերը, որը ձգել էր նրան այդ սոսկալի անձնուրացության մեջ։ Աղքատությունը, անոթությունը և տառապանքը անբաժան էին նրանից,— անբաժան էին և այն մագաղաթները, որոնցով շրջապատել էր իրան, որոնց մեջ գտնում էր իր սրտի միակ մխիթարությունը։

Ծերունին Մովսես Խորենացին էր։ Այդ խրճիթի տառապանքների մեջ դրեց նա իր հրաշալի պատմությունը, որպես Իսրայելի Մովսեսը, առանձնացած Սինայան լեռան կայծակների և որոտման մեջ, քարյա տախտակների վրա գծում էր աստվածային պատգամները։

Դրսում փոթորիկը չէր դադարել։ Ծերունին դեռ շարունակում էր պարապել։ Այդ միջոցին լսելի եղավ խրճիթի դռան մելամաղձային ճռոցը։ Ուշիկ քայլերով ներս մտավ մի մանկահասակ աղջիկ։ Տեսնելով ծերունու զբաղմունքը, նա կամենում էր նույնպես աննկատելի կերպով դուրս գալ, որպես մտել էր։ Բայց ծերունին գլուխը վեր բարձրացրեց և, նայելով նրա վրա, ասաց․

— Ի՞նչ կա, Շուշանիկ։

— Եկա քնելու տեղդ շտկելու, հայրիկ։

— Ես դեռ պիտի նստեմ, դու գնա քնի՛ր, զավակս։

Շուշանիկը ծերունու այրի մնացած քրոջ դուստրն էր։ Նույն