Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խրճթի մեջն էր բնակվում նրա մայրը, որ բաժանում էր իր եղբոր դառն աղքատությունը։ Մայրը վրաններ և կապերտներ էր գործում և իր ձեռքի վաստակով պահում էր եղբորը։ Իսկ աղջիկը սպասավորում էր նրան։

Չնայելով, որ ծերունին իրավունք տվեց նրան չսպասել իրան, այլ գնալ և հանգստանալ, բայց Շուշանիկը դարձյալ սկսեց պատրաստել նրա անշուք անկողինը։ Նույն կոշտ մազե օթոցի մի կողմում, որի վրա նստած էր ծերունին, դրեց նրա բարձր, լեցրած չոր խոտով, և նույնպես կոշտ մազից գործված վերմակը տարածելուց հետո, իր ամենօրյա սովորության համեմատ, մի առանձին քնքշությամբ մոտեցավ մորեղբորը բարի գիշեր ասելու։ Ծերունին գրկեց նրան և օրհնելով համբուրեց։ Ընտանեկան սերը դեռ չէր հանգել նրա խորտակված սրտում։ Այդ նազելի աղջիկը նույնքան սիրելի էր նրան, որքան նրա բարեսիրտ մայրը։

Այդ միջոցին խրճթի դուռը դրսից սկսեցին սաստիկ բախել։

— Երևի, քամին է,— ասաց ծերունին։

— Ոչ, քամին չէ,— պատասխանեց Շուշանիկը, և դուրս վազեց տեսնելու, թե ով է այդ տարաժամ հյուրը։

Մի քանի րոպեից հետո Շուշանիկը ուրախությամբ ներս մտավ, ասելով․

— Հուսիկն է, հայրիկ։

— Հուսի՞կը,— զարմացած կերպով կրկնեց ծերունին։— Ի՞նչ կա, ինչու՞ է եկել։

— Նա թրջված է․ դրսում անձրև է գալիս, մտավ մորս մոտ հագուստը ցամաքացնելու, շուտով ձեզ մոտ կգա,— պատասխանեց Շուշանիկը առանց ծերունու հարցերի վրա ուշադրություն դարձնելու:

Հուսիկը մի երիտասարդ աբեղա էր, սուրբ Կարապետի վանքի միաբան, և մանկությունից աշակերտած լինելով ծերունու մոտ, այնքան սիրում էր իր վարժապետին, որպես իր հարազատ հորը։ Նրա գալուստը թեև անչափ ուրախություն պատճառեց ծերունուն, բայց, մյուս կողմից, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ, թե ի՞նչ էր նշանակում այդ անակնկալ հայտնվելը, այն ևս մի այնպիսի փոթորկային և վտանգավոր ժամանակում։ Նրա մտատանջությունը ավելի սաստկացավ, երբ երիտասարդ աբեղան մտավ նրա մոտ աշխարհականի հագուստով։

— Այդ ի՞նչ է նշանակում,— բացականչեց ծերունին զարհուրելով,— ինչու՞ ես կերպարանափոխ եղել, այլևս ո՞ր դժբախտ