Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կա,— հարցրեց ծերունին անհանգստությամբ։

— Ոչինչ... այնպես... հարցնում եմ...

— Երևի, այստեղի՞ց ևս կամենում են հալածել ինձ...

— Ոչ... բայց... վատ չէր չինի՝ փոքր-ինչ զգույշ լինել...

— Ո՞րտեղ փոխեմ, ու՞ր գնամ,— պատասխանեց ծերունին դառնացած կերպով։— Կար ժամանակ, որ իմ ուժերը դեռ սպառված չէին․ աչքերումս լույս կար և ոտներումս զորություն։ Թափառում էի մեր աշխարհի մի ծայրից մյուսը, դիմանում էի քաղցի, ծարավի և եղանակների խստությանը։ Իսկ այժմ ու՞ր կարող եմ գնալ, ո՞րտեղ կարող եմ քարշ տալ այդ քայքայված մեքենան։ —Նա ձեռքը տարավ դեպի իր անձը։— Իմ կյանքը անցավ ցավերով և դառնությամբ, չմնաց մի տանջանք, որ ես կրած չլինեի։ Իսկ այժմ մի՞թե այդ մխիթարությունից ևս կամենում են զրկել ինձ, և թույլ չեն տալիս, որ գոնե իմ ծերության վերջին օրերը անցկացնեի այդ խոնավ գերեզմանի մեջ։— Նա ցույց տվեց իր կացարանը և րոպեական լռությունից հետո շարունակեց ավելի դառնացած կերպով.

— Ես թողեցի, հեռացա նրանցից, սկսեցի առանձնության մեջ որոնել իմ սրտի հանգստությունը։ Ես նրանց թողեցի հարուստ վանքերը և գավառների շահավետ եպիսկոպոսությունները։ Թող վայելեն, թող ոսկի և արծաթ դիզեն, որովհետև քաղցր է նրանց համար աշխարհի վայելչությունը։ Ես նրանց չեմ խանգարում, և որքան էլ ցանկանայի, անկարող պիտի լինեի, որովհետև նրանք իրանց կողմն ունեն իրանց նման նախարարների ուժը և օտարի պաշտպանությունը, որ հայրենիքի շահերը վաճառելու գնով են ստանում։ Այլևս ի՞նչ են պահանջում ինձանից։ Ինձ տվեցին Բագրևանդի եպիսկոպոսությունը, միայն ինձ ծաղրելու համար, որ բարձրացնեն և այնտեղից ցած գլորեն, որպեսզի մի կործանումը ավելի զգալի լինի։ Ես բոլորը տարա, ամեն զրկանքի համբերեցի։ Իմ կռիվը փառքի համար չէր։ Ես պատերազմում էի խավարի, տգիտության և հայրենիքի դավաճանների դեմ։ Ես հաղթվեցա, ես ընկա, և իմ կործանման մեջն է իմ փառքը։ Այժմ ինչու՞ չեն թողնում ինձ հանգչիլ իմ փլատակների վրա։ Ես պատսպարվեցա իմ հայրենական աղքատ տնակում։ Ահա իմ բոլոր հարստությունը։ — Նա ձեռքը մեկնեց դեպի իր մոտ դրած գրքերը։— Ես զրկվեցա աշխարհից և մարդկային հասարակությունից, մի՞թե չեն թողնելու, որ այդ լուռ, անբարբառ մագաղաթների հետ խորհրդակցեմ և նրանցով մխիթարեմ իմ դժբախտության րոպեները։ Ամեն ինչ