խլեցին ինձանից,— մնաց մի գրիչ միայն։ Մի՞թե այդ ևս պիտի խլեն, որ անկարող լինեմ ավանդել իմ մտքերը, իմ սրտի դառն զգացմունքները...
Վշտացած ծերունու բերանով խոսում էր ժամանակի հալածված ճշմարտությունը։
— Պետք է զգուշանալ ավելի վատթարից․..— պատասխանեց երիտասարդ աբեղան զգացված կերպով։— Այդ խավարասերները իրանց հալածության մեջ չափ չունեն։ Նրանք անդադար նորանոր առիթներ են որոնում ձեզ հարվածելու։ Իսկ վերջին հարվածը ձեզ համար խիստ կորստաբեր կլինի...
— Մտածում են իրանց վաղեմի սովորության համեմատ թունավորե՞լ ինձ,— հարցրեց ծերունին դառն արհամարհանքով։— Ես թույնից չեմ վախենում։
— Իրավ է, չեք վախենում. այդ փորձը մի քանի անգամ արել են ձեզ հետ։ Բայց...
— Այլևս ի՞նչ կարող են անել, բացի սպանելուց։ Դրանից ավելի դժվար վիճակ չէ կարող լինել, որին ենթարկեին ինձ։ Թող այդ ողորմելի խրճիթից ևս արտաքսեն ինձ։ Լեռների, ժայռերի խոռոչներում կգտնեմ մի այր պատսպարվելու համար։ Մեր լուսավորիչ հայրը, հալածված խավարասերների տգիտությունից, մի նույնպիսի այրի մեջ մեռավ։ Իսկ ես նրա նվաստ աշակերտը լինելու արժանավորություն չունեմ։
— Եթե մինչև այստեղ հասներ հալածասերների վրեժխնդրությունը, դրանով ևս պետք էր գոհ լինել։ Բայց նրանց դիտավորությունը ավելի չար է...
— Ասացե՛ք, վերջապես, մի՛ տանջեք ինձ։ Ի՞նչ են կամենում անել։
— Նրանք մտածում են հափշտակել ձեր բոլոր գրավոր աշխատությունները և ոչնչացնել։ Նրանք մտածում են ոչնչացնել այդ պատմությունը, որ ձեր վերջին տարիների ծանր վաստակների արգասիքն է։ Ես հենց այդ ցավալի լուրը ձեզ հասցնելու համար, գաղտնի կերպով դուրս եկա վանքից, շտապեցի ձեզ մոտ, որ նախազգուշացնեմ ։
— Անիրավնե՜ր...— գոչեց ծերունին խորին վրդովմունքով։— Ես ամեն ցածություններ կսպասեի նրանցից, բայց այդ երևակայել անգամ չէի կարող։ Դա մի սարսափելի եղեռնագործություն է,— սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական