ձեր թշնամիները։ Նրանք պատրաստվել են՝ կամ ձեր տան մեջ, կամ ճանապարհին կողոպտել ձեզ և հափշտակել այդ թանկագին գանձը։ Ժամանակ կորցնելու չէ։ Եթե իմ բարի վարժապետը վստահություն ունի իր անձնանվեր աշակերտի վրա,— ես պատրաստ եմ հենց այս գիշեր ճանապարհ ընկնել և տանել հանձնել իշխանին ձեր գիրքը։ Նրա ձեռքը հասնելուց հետո, ձեր աշխատությունը կազատվի վտանգից։
Ծերունին գրկեց իր մտերիմ աշակերտին և, օրհնելով նրան ասաց.
— Դու միշտ բարի ես եղել և հակամետ դեպի ճշմարիտը ու օգտակարը, Հուսիկ։ Գովում եմ քո անձնանվիրությունը և մխիթարվում եմ, որովհետև դու ինքդ իմ աշխատության պտուղներից մեկն ես։ Եթե քեզ նմանների թիվը շատ լինի, մեր հույսերը պետք է պսակված համարել։ Մենք մեր գործը կատարեցինք, մեր վարը վարեցինք, մեր ցանքը ցանեցինք։ Այսուհետև ձեզ է մնում մշակել, սնուցանել նորաբույս ցանքը, որ փուշերը և տատասկները չխեղեն նրան։ Այսուհետև դուք և ձեր նմանները պետք է լինեն մեր սկսած գործի շարունակողները։ Օրհնում եմ քեզ, հաստատուն կամք, եռանդ և զորություն եմ խնդրում ամենակալից։ Տար այդ գիրքը և հանձնիր իշխանին։ Նա միայն է, որ գիտե գնահատել դրան, նա միայն է, որ հարգում է իր նախնյաց հիշատակները․— նա միայն է, որ ինձ հետ ցավակից է եղել ներկա թշվառությունների մեջ։ Բագրատունիք միշտ հավատարիմ են եղել դեպի հայրենյաց շահերը։ Նա կպահե այդ գիրքը, որպես մի սրբություն, և կավանդե իր հաջորդներին։ Հոգվո աչքով տեսնում եմ, որ մի օր Բագրատունիների տոհմից պիտի կրկին ծագե հայոց իշխանական գավազանը։ Եվ այն տոհմը, որ հայոց արքաների թագավորի գլխին թագ էր դնում.— իր գլխին պիտի դնե այդ թագը։ Իմ մարգարեությունները դու հաղորդիր իշխանին։
Գիրքը դրվեցավ մի կաշյա պարկի մեջ. երիտասարդ աբեղան կապեց մեջքի վրա, իսկ նրա վրայից հագավ իր վերարկուն։ Հետո նա առավ իր ճանապարհորդական ցուպը, և համբուրելով ծերունու աջը, ուղի ընկավ։
Դրսում փոթորիկը դեռ փոթորկվում էր. անձրևը հեղեղի նման թափվում էր, սոսկալի քամին ժայռերը շարժում էր իրանց տեղից, բայց քաջասիրտ ուղևորը հաստատուն քայլերով դիմում էր դեպի Սահակ Բագրատունու ամրոցը, որ մի քանի օրվա ճանապարհով հեռու էր Խորենացու գյուղից։