Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զանգահարությո՜ւն․.. տարաժամ զանգահարությո՜ւն... որ սոսկում է ազդում։ Ամեն կողմից լսելի էր լինում զանգակի ծանր, թախծալի հնչյունը։ Նա լսելի էր լինում գյուղական փոքրիկ ժամատնից, լսելի էր լինում վանքերի բարձր զանգակատնից, լսելի էր լինում խուլ ձորերի և անբնակ լեռների մեջ առանձնացած, մենավոր մատուռներից։ Ամեն տեղ ղողանջում էր անսիրտ մետաղը։ Մի չարագուշակ, հրավիրական ձայնով ղողանջում էր նա։ Դա այն ձայնը չէր, որ հրավիրում է աղոթասեր շինականներին աստուծո տաճարը՝ իրանց գոհության փառաբանությունը մատուցանելու ամենակալին։ Դա այն ձայնն էր, որ սարսափ է ազդում, որ գուշակում է մի որևիցե արհավիրք, մի որևիցե տագնապ, մի որևիցե պատուհաս, որ վտանգ է սպառնում։

Օրը նոր էր լուսանում։ Երկինքը խաղաղ էր. արեգակի պայծառ ճառագայթները ժպտում էին ցողազարդ դալարենիների հետ։ Բնությունը հրճվում էր յուր սքանչելի գեղեցկության մեջ։ Նա, երևի, չէր լսում զանգակների սոսկալի ձայնը և չէր վրդովվում։

Իսկ մարդիկ սաստիկ վրդովմունքի մեջ էին։ Ամեն ոք դուրս էր վազում իր բնակարանից, տեսնելու, թե ի՞նչ էր պատահել։ Խումբերով դուրս էին վազում սևազգեստ աբեղաները, ոմանք վեղարով, ոմանք անվեղար, ոմանք ժամանակ չգտնելով իրանց հողաթափերը հագնելու։ Չարագուշակ ձայնը հասնում էր մինչև լեռնային քարանձավի մեջ առանձնացած ճգնավորի մենարանը, նա ևս թողնում էր իր մթին խորշը։

Շինականները դեռ նոր էին սկսել դաշտային աշխատությունները։ Հնձվորը թողնում էր հունձը և մանգաղը ձեռին գնում էր։ Հերկողը թողնում էր իր արորն ու գութանը և խարազանը ձեռին վազ էր տալիս։ Դյուզերից դուրս էին նետվում խաղաղասեր շինականները բահերով և բրիչներով։ Կինը, մանուկը ղրկած, հետևում էր ամուսնուն։

Ո՞ւր էին շտապում։— Իրանք ևս չգիտեին։ Զանգակները հնչում էին։ Եկեղեցու ձայնը կոչում էր նրանց։

Մի տեղ մռայլ կույտի նման նշմարվում էր անորոշ մթություն։ Շինականները դիմում էին դեպի այն կողմը։ Հեռվից փոքր էր երևում կույտը, բայց որքան մոտենում էին, նա աճում էր, ընդարձակվում էր և մարդիկների բազմության էր նմանում։

Ամեն կողմից դիմում էին դեպի այդ կենտրոնը։ Դա ամբոխի այն արբեցյալ դրությունն էր, երբ վայրենի բնազդումները հրեշավոր բորբոքման են հասնում, և նա այլևս ինքն իրան հաշիվ չէ