Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեզիկ շփելով Մարիամի թշին, վազեց դեպի իրանց տուն, որ փայտ բերե։

Քառորդ ժամից հետո վառարանի մեջ կրակն արդեն պատրաստ էր։

Զ

Ծննդյան ցրտերը վաղուց անցել էին։ Մարտը բերեց յուր հետ խոնավ և անձրևային օրեր։ Եղանակը միշտ թխպոտ էր և արեգակը հազիվ էր երևում։

Քեթևանի հիվանդությունը տակավին նույն դրության մեջն էր, նրա կենսական ուժերն օրըստօրե սպառվում էին։ Մի ցավալի անցք ավելի մեծ հարված տվեց նրա առողջությանը։ Բոշան դատարանին գանգատվել էր, վճռել էին, որ Օվանեսի խրճիթը ծախվի հրապարակական աճրդով։

— Խեղճ երեխեքս ո՞րտեղ պահեմ… — ախ քաշելով ասում էր անդադար հիվանդը։

Մինչ Քեթևանը յուր ցավերի այդ հոգեվարք դրության մեջն էր, մի առավոտ նրա մոտ եկավ մի կարճլիկ պառավ, թուխ և ցամաք դեմքով, փոքրիկ և խորամանկ աչքերով։ Նա երկար նստած խոսում էր Քեթևանի հետ։ Մարիամը տանը չէր, նա Կեկելի մոտ զբաղված էր լվացքով։

— Էլ աստծուց ի՞նչ ես ուզում... — առաջ տարավ պառավը,—դու էդպես հիվանդ ես, տունդ ծախում են, ուտելու հաց չունես. հիմա մի էդպեսի մարդ, որ մեր քաղաքի ամենից հարուստն է, ուզում է քեզ օգնություն անել, դու ինչո՞ւ չես ընդունում... էդ է խե՞լք է...

Քեթևանը ոչինչ չպատասխանեց։

— Տե՛ս, Քեթևան,— շարունակեց պառավը,— երկու հարյուր մանեթ էս գլխեմեն տալիս է... լավ հագցնում է... ասում է, թե հետո իմ փողով մի լավ մարդու կտամ... էլ աստծուց ի՞նչ ես ուզում…

— Ա՜խ, ես ի՞նչպես իմ ձեռքով երեխես սաղ-սաղ գերեզմանը դնեմ...— պատասխանեց հիվանդը արտասվելով։

— Հիմա մեր քաղաքում ո՞վ չէ անում էդ բանը...— պատասխանեց պառավն ավելի գործագետ մարդու եղանակով։ — Նրանք՝ որ ուտելու էլ ունեն, խմելու էլ ունեն, էդ բանն էլի անում են... դո՞ւ ինչու չպիտի անես...