Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

ԸՆՏԱՆԻՔ

Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում։

Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ տխուր և հիմարություններով լի անցյալը, կրկին զարթնում են վաղեմի հիշողությունները, և որպես մթին խավարի միջից, նկարվում է իմ առջև մանկությունը իր անմեղ-երեխայական կերպարանքով։

Ահա մինը մյուսի ետևից երևան են գալիս ծանոթ պատկերները․—

Ես տեսնում եմ հայրենի տնակը իր հին, ժամանակի ավերմունքից մաշված պարիսպներով։ Դեռ նույն տերևախիտ ծառերը հովանավորում են նրան իրանց հսկայական ճյուղերով, դեռ նույն ճնճղիկները երգում են ոստերի վրա, ինձ թվում է, որպես թե ծանոթ լինեին նրանց խորամանկ երեսիկները։

Կարծես, շատ ժամանակ չէ անցել, կարծես, հենց երեկ լիներ այդ,— ես տեսնում եմ իմ պառավ տատին, նստած իր սովորական տեղում, մեր խրճիթի դռան հանդեպ։ Դարձյալ նույն ընկուզենին պատսպարում է ալևոր գլուխը ամառային արեգակի կրակոտ ճառագայթներից։ Նա նստած է, որպես միշտ, լուռ և մտախոհ կերպով։ Նրա ծնկների վրա մրափում է իր մտերիմը՝ ահագին մազոտ կատուն, երևի, քաղցր երազներ է տեսնում։

Սիրելի տատ, և այս րոպեիս քո երեսի մուգ-դեղնագույն խորշոմների