վրա նստած կչկչում է։ Նա լսել չէր կարող բուի չարագուշակ ձայնը, և պատվիրում էր ինձ՝ քարով սպանել նրան, երբ կնստեր մեր պատի վրա։ Նա գիտեր, թե ինչո՞ւ Սողոմոն իմաստունը անիծեց ճնճղիկին, կամ ո՞վ դրեց հոպոպի գլխի վրա այն գեզեցիկ փետուրե սանդրը։
Այո՛, տատս շատ բան էր իմանում։ Նա պատմում էր ինձ, թե ինչպես կհասնի աշխարհի վերջը, կամ երբ կհայտնվի Նեռը։ Նա ասում էր, թե անիծյալ Նեռը կգա, մի ահագին էշի վրա նստած, թե նրա ավանակի ականջները այնքան երկար կլինեն, որ մի ականջի ծայրը կհասնի մինչև արևմուտք, իսկ մյուսինը մինչև արևելք։ Նա ասում էր, թե այն ժամանակ կհայտնվին «աջուջ-մաջուջները», թե դրանք այնքան փոքրիկ թզուկներ են, որ իմ կոշիկները կարող էին նրանց համար բնակարաններ լինել։
Բայց ես ավելի սիրում էի տատիս հեքիաթները։
Ես դեռ հիշում եմ մի քանի հեքիաթներ, որ գիշերները պատմում էր նա։ Երբեմն, մի անգամ սկսած հեքիաթը վերջացնում մի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ա՜խ, ինչպես լավ պատմում էր նա։ Ես բոլորը, բոլորը հասկանում էի և միշտ ուրախությամբ էի լսում։ Բայց երբ պատմում էր դևերի, սատանաների, գրողների և դժոխքի մասին,— ես սարսափում էի, և ավելի շատ էի վախեՆում, երբ խոսում էր մեռելների մասին։
Իսկ երբ տատս մեռավ, նրանից չէի վախենում։ Նա խիստ հանգիստ կերպով պառկած էր դագաղի մեջ, կարծես քնած լիներ։ Նրա դեմքը էլի այնպես բարի էր, որպես առաջ։ Ես մտածում էի, թե նա հրեշտակների մոտ կգնա, նրա համար, որ ինձ երբեք չէր ծեծում։ Երբ նրան թաղեցին, ես շատ լաց եղա։ Մայրս ասում էր, թե նա մի օր գերեզմանից կվերկենա. ես ուրախանում էի։
Իմ մորը կոչում էին Նիգյար։ Դուք տեսե՞լ եք դեռ նոր բացված մի ծաղիկ, որ թառամել էր իր կոկոնի մեջ,— այդ իմ մայրն էր։ Խե՜ղճ կնիկ, ես երբեք չեմ կարող մոռանալ քո միշտ տխուր և գունաթափ դեմքը։ Ինչո՞ւ դու ուրախ լինել կարող չէիր... Ինչո՞ւ այնպես սպանված էին քո գեղեցիկ աչքերը, որոնցից արտասուքը շատ քիչ էր պակասում...
Մայրս մի բարձրահասակ կին էր, նիհար և թույլ կազմվածքով։ Ոտքի վրա նա միշտ հիվանդ էր, բայց երբեք չէր պառկում։ «Ո՞վ պիտի պահե իմ երեխաներին»— պատասխանում էր նա, երբ Նրան ասում էին, թե պետք է փոքր-ինչ հանգստանալ, թե պետք է փոքր-ինչ կազդուրել սպառված ուժերը։ Ամբողջ օրը դադարում