չուներ։ Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, նա էր կարում և կարկատնում մեր հագուստը։ Բայց տնային հոգսերը չէին, որ մաշում էին նրան,— նրա ցավը սրտիցն էր... Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ...
Մեր գյուղում գովասանված էր մորս վարպետությունր կարելու և ձևելու մեջ, բայց շատ քիչ էին վճարում նրա աշխատությունների համար։ Շաբաթական մի քանի շահի հազիվ էր վաստակում. և նրանցով ապրում էինք։ Տատիս մեռնելեն հետո տան հոգսը բոլորովին մնաց մորս վրա։ Քույրերս՝ Մարիամը և Մագթաղը, դեռ փոքրիկներ էին. դրանք ավելի խանգարում էին մորս, քան թե օգնում էին։
Մարիամը և Մագթաղը երկվորյակներ էին, այնքան նման միմյանց, որ ես շատ անգամ սխալվում էի մինը մյուսից որոշել։ Մայրս նրանց ճանաչելու համար կարել էր զանազան գույներով գդակներ,— Մարիամինը կանաչ գույնով, իսկ Մագթաղինը կարմիր։ Ես դեռ հիշում եմ այն անմեղ կռիվները, որ ծագում էին այդ երկու հրեշտակների մեջ իրանց գդակների մասին։ Պատճառները շատ ծիծաղելի էին, օրինակ, երբ Մարիամին սիրում էին, Մագթաղը խլում էր նրա գդակը, դնում էր իր գլխին, որ ինքն էլ Մարիամ դառնա և նրան էլ սիրեն։
Ես շատ անհանգիստ երեխա էի, բայց դարձյալ մայրս ինձ չէր ծեծում, որովհետև նրա մի հատիկ տղան էի։ Մորս սերը հասնում էր մինչև այն թողությանը, որ շատ անգամ ներում էր իմ անկարգություններին։ Կպատահեր վաղ առավոտյան, ամենևին երես չլվացած ու մազերս չսանդրած, տանից դուրս կգայի, և ամբողջ օրը կխաղայի, կթափառեի դատարկաշրջիկ երեխաների հետ։ Մայրս մասամբ գոհ էր լինում, երբ ես տանը չէի գտնվում, նրա համար որ, եթե տանը մնայի, անպատճառ կամ մի բան կկոտրեի, կամ մի բան կվիթեի, և եթե ոչինչ չլիներ, կսկսեի քույրերիս ծեծել։ Խե՜ղճ երեխաներ, ի՜նչպես համբերում էին չար եղբոր կոպտություններին։ Կարծես նրանք զգում էին, թե իրանք աղջիկներ էին, իսկ ես — տղա, կարծես, մտածում էին, թե ես շատ բարձր էի նրանցից, ուրեմն, իրավունք ունեի տանջելու։ Եվ այսպես, մանկությունից պատրաստվում էին լինել տղամարդի ստրուկներ... Ո՞վ մտցրեց նրանց մեջ այդ զգացմունքը։
Մեր դրացիները հանգստություն չունեին ինձանից։ Նրանց մեջ կազմվել էր մի այսպիսի համոզմունք, թե մայրս ինձ ծնելու