միջոցին, ոգիները գողացել էին նրա տղան և փոխարենը մի դև էին դրել։ Բայց իմ և դևի մեջ ոչինչ նմանություն չկար․ ես բավական գեղեցիկ երեխա էի, ի՞նչ անենք, որ չար էի։ Բայց դարձյալ մայրս չէր հավատում այդ զրույցներին, նա ասում էր, եթե մի այսպիսի բան լիներ, տատս կգիտենար։ Նա դևերի հանգամանքները լավ էր հասկանում։
Իմ հորս հիշում եմ որպես մի երազ։ Այսքանը միտքս է գալիս, որ նա մի չոր ու ցամաք մարդ էր, մորս նման բարձր հասակով և դեպի ցած կռացած մեջքով։ Նրա գլուխը պատած էր տարաժամ ալևորած, սպիտակ մազերով։ Նրան կոչում էին Հայրապետի տղա Սհակ։ Երեսուն և վեց տարեկան տղամարդ էր նա, բայց վաղահաս ծերությունը բոլորովին փոխել էր նրա երիտասարդական դեմքը։ Ինչո՞ւ այնպես շուտ ծերացավ նա. ինչո՞ւ մորս նման նա էլ միշտ տխուր էր, և երբեք ուրախ լինել կարող չէր։
Մեր տանը խիստ սակավ էի տեսնում հորս։ Նա, որպես սովորաբար ասում են, դաշտի մարդ էր։ Տարվա երեք եղանակներում՝ գարուն, ամառ և աշուն — նա մշակում էր իր հողերը և փոքրիկ այգին, ձմեռը իր ջուլհակի խորի մեջ կտավ էր գործում։ Բայց դարձյալ մնում էր միշտ աղքատ։ Հայրս շռայլ մարդ չէր, ոչ արաղ էր խմում, ոչ ծխում էր և ոչ էլ լավ ուտում կամ հագնվում էր։ Ես դեռ չեմ մոռացել նրա բազմամյա հողաթափները, որոնք ստեպ կարկատվելուց այնքան ծանրացել էին, որ հազիվ կարելի էր շարժել։ նրա մորթե գդակը բոլորովին կորցրել էր իր մազերը։ Էլ ինչո՞վ պետք էր բացատրել այդ խնայող և աշխատավոր մարդու դառն աղքատության պատճառները։
Լինում էր, շատ անգամ տանը հաց չունեինք ուտելու, քույրերս լաց էին լինում սովից։ Եվ ահա, գիշերային տարաժամ պահուն հայտնվում էին հարկապահանջները: Սկսում էին դուռը զարկել։ Կկոտրեին, եթե իսկույն չբաց անեինք։ Ներս էին թափվում մի խումբ կատաղի ֆերրաշներ: Բոլորովին դժոխք էր դառնում այն Ժամանակ մեր տունը։ Ամենքս սարսափում էինք: Հայրս մեռելի գույն էր ստանում, իսկ մայրս երկյուղից սկսում էր դողալ։ Ես և քույրերս փախչում էինք ու մտնում մեր քնաշորերի մեջ, թեև երբեք քնել կարող չէինք, բայց սուս էինք կենում։
Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ։ Նրա մոտ դիզվում էր մի ահագին