Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՜խ, աստված, էդ ի՜նչ եմ լսում...— ձայն արձակեց Քեթևանը հառաչելով։

— Տե՛ս, Քեթևան, ասում եմ քեզ, հետո կփոշմանես․․․

— Թե որ հազար թուման էլ տա, չեմ կարա էդ բանն անել․․․ — պատասխանեց Քեթևանը վճռական կերպով։

Մինչ նրանք այդ խոսակցության մեջն էին, խրճթի դռները բացվեցան. ներս մտավ Բոշան, նրա հետ պրիստավը և մի տասնապետ։ Հիվանդը սարսափեցավ։

Պրիստավը, մի սուր հայացք ձգելով աղքատ խրճթի վրա, դարձավ դեպի պարտատերը.— Դե՛, պարոն, ի՞նչ եք կամենում, որ ես գրեմ։

— Ինչ որ տեսնում ես, ամենը գրե՛ էլի՛,— պատասխանեց Բոշան դիվական սառնասրտությամբ։— էդ կողենքը գրե՛, որի մեջ հիվանդը պառկած է, էդ տախտը գրե՛, էդ հավերը գրե՛, էն պստիկ պղինձը գրե՛, էդ ավելը, էդ չաքմեքը գրե՛...

Չաքմեքի ձայնը լսածին պես Սանդրոյի աչքերը վառվեցան։ Դրանք նրա չաքմեքն էին, պատանու նշանավոր կոշիկները, որոնց պատմությունը մեր ընթերցողին հայտնի է։ Այն օրվա ցեխի պատճառով Սանդրոն չկարողացավ նրանցով դուրս գալ, ի նկատի ունենալով նրանց ծակերը, այդ պատճառով ձգել էր նրանց տախտի վրա։

— Ինչո՞ւ եք գրում իմ չաքմեքը,— հարցրուց նա աչքերը լայն բանալով։

— Ինչո՜ւ, փող չաժե՞,— խոսեց Բոշան։

— Հալբաթտա արժե, երեկ կինտոները մի գրվանքա խնձոր էին տալիս, ես չտվի չաքմեքս։

— Պարոն, դուք ինչո՞ւ եք վիճում երեխայի հետ,— նրանց խոսքը կտրեց պրիստավը պաշտոնական ձևով,— օրենքով չէ կարելի գրել այն բաները, որոնք բնակիչներին անհրաժեշտ պետք են։

Բոշան սկսեց ինքն իրան բարկանալ.

— Էդ էլ բա՞ն է, էդ էլ օրե՞նք է... փող տաս ու նրա փոխանակ էդպեսի զիրթ-զիբիլ տանես, ու էն էլ չթողնե՞ն...

Քեթևանը պրիստավին տեսածին պես շփոթվեցավ. նա չէր իմանում, թե ինչ էր գործվում յուր տան մեջ։ Մարիամը միայն կանգնած դռան հետևը լաց էր լինում։ Իսկ Սանդրոն, չաքմեքը ձեռին պինդ բռնած, կանգնել էր, նրանց օրհասին էր սպասում։

Պրիստավը տեսնելով անբախտների այդ ցավալի դրությունը և մանավանդ ճանաչելով Բոշային, թե ի՛նչ ծառի պտուղ էր նա,