չմտածելով, թե վաղը մեր արորը կդադարե գործելուց և մի ամբողջ ընտանիք կզրկվի ապրուստի միջոցներից։
Հայրս վերջին ժամանակներում բոլորովին թողեց իր հողերի մշակությունը, որովհետև ստացած արդյունքը մինչև անգամ չէր լրացնում հարկերի վճարը։ Բայց այսպիսով նա դարձյալ չազատվեցավ ֆերրաշներից, նրանց այցելությունները դարձյալ շարունակվում էին։
Ի՞նչով պետք էր ապրել։— Մնում էր մի բան, որ սոված չմեռնենք՝ միշտ պա՜րտք և պա՜րտք անել... Բայց որքան ծանր էին տոկոսները... Ես այն ժամանակ երեխա էի, իհարկե, հաշիվներ չէի կարող հասկանալ, բայց դեռ չեմ մոռացել մեր անիրավ վաշխառուի վայրենի դեմքը։ Նրան կոչում էին Հաջի-Բաբա, դա մի հարուստ մահմեդական էր, բայց հոգեառ հրեշտակը ձեզ օրինակ, երբ հայտնվում էր տոկոսները հավաքելու։ Նա գրել-կարդալ չէր իմանում և ոչ տված փողերի համար պարտամուրհակ էր պահանջում։ Նրա պարտամուրհակը իր խղճմտանքն էր, իսկ ամսաթիվը կամ տարեթիվը հաշվում էր եղանակների փոփոխության վրա։ Նա մի տոպրակի մեջ իր հետ ման էր ածում փայտի զանազան կտորներ, երկայն և կարճ, բարակ ձողերի նման, որոնց վրա նշաններ էին արած գույնզգույն դերձաններով,— դրանք նրա հաշվամատյաններն էին։ Ձողերի վրա կային շատ և փոքր թվով խազեր, որ նշանակում էին գումարների որքանությունը, իսկ գույնզգույն դերձանները պարտականների անուններն էին որոշում։
Հաջի-Բաբան գանգատ անելու սովորություն չուներ, երբ նրա պարտականներից մեկը իր ժամանակին փող չէր վճարում կամ ուշացնում էր.— նա իր դատաստանը իր ձեռքովն էր անում։ Ամենին հայտնի էր Հաջի-Բաբայի ահագին մահակը, որով նա ջարդում էր իր պարտականների ոսկորները։ Նա մինչև անգամ իր հրամանով բանտարկում էր շատերին և ծախել էր տալիս նրա տա կայքը։
Ես դեռ հիշում եմ անգութ վաշվառի խոսքերը, երբ նա տոկոսները առնելու համար մեր տունն էր գալիս։— «Սհակ, ասում էր նա իմ հորը,-գիտե՞ս ո՛րքան է անցել, տե՛ս, այս ծառը դեռ նոր էր տերև բացել (նա ցույց էր տալիս մեր բակի ընկուզենին), հիմա կրկին կանաչել է նա, ուրեմն, անցել է մի բոլորակ տարի։ Թե գլուխքը չես կարող տալ, գոնե կաթը (տոկոս) տուր, թե չէ, այդ ջուխտ աղջիկներիդ կտանեմ, կթուրքացնեմ»․․․
Մարիամը և Մագթաղը, երբ այդ խոսքերը լսում էին, կուչ