Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին գալիս, և միմյանց գրկելով, սկսում էին լաց լինել։ Անմե՜ղ արարածներ, կարծես, նրանք հասկանում էին, թե ինչ սարսափելի բան է թուրքի հարեմը...

Ահա այսպես էին անցնում մեր սև օրերը։

Հայրս, չկարողանալով հայրենի երկրում իր ընտանիքը պահել, ստիպվեցավ դիմել դեպի պանդուխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Մենք տարանք նրան մինչև գյուղից դուրս ճանապարհ գցելու։ Ես և քույրերս շատ ուրախ էինք, երբ նա գնում էր, կարծում էինք, թե բազարն է գնում, որ մեզ համար չամիչ կամ խուրմա բերե։ Բայց մայրս լաց էր լինում։ Տխուր էր և հայրս. մահվան չափ տխուր էր նա։ Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ բաժանման րոպեում ասաց նա մորս.— «Ամանաթ քեզ որդիքս, Նիգյար, եթե կենդանի կմնամ, թող չեմ տա, որ նրանք սոված մնան»... «Շուտ ե՛կ, շո՛ւտ, հայրիկ,— կանչում էինք ես և քույրերս նրա ետևից,— մեզ համար չամիչ և փշատ բե՛ր:

Բայց նա գնաց, էլ չվերադարձավ:

Տարի չանցավ, հորս մահվան լուրը մեզ հասավ։ Այդ ցավալի մահը, որի մանրամասնությունները ես կպատմեմ հետո, ամենասաստիկ ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա։ Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու։ Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն — մեր ահագին շունը և Նազլուն — տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից։

Բ

ՀԱՅՐԵՆԻՔ

Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը։ Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով։ Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ