գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին։
Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից։ Մնացյալ ազգականություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը,— այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում։
Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը։ Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը։ Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը։ Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբացոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն։ Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը։ Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխաների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն։— Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր։ Պարսպաձև ժայռի հարթած մեկերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով։ Մեկին գերի էին տանում։ Նա թագավոր էր։ Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը։ Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշակունյանց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին։ Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»…
Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով