ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ։ Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը, մշակված աշխատասեր ձեռքով, խոստանում են առատ հունձք.— տեսնում է` ցորյանը, գարին, բրինձը, բամբակը և ընդեղենների ամեն տեսակները, իրանց բեղմնավորությամբ ներկայացնում են խիստ գոհացուցիչ առատություն. տեսնում է` մրգաբեր այգիները լիացած են պտուղների ամենաազնիվ տեսակներով.— տեսնում է խոտավետ արոտամարգերի վրա արածում են տավարների նախիրներ և ոչխարների հոտեր,— մի խոսքով, նա տեսնում է, որ բնությունը անխնա առատությամբ թափել է այստեղ իր հարստությունները։ Նա սկսում է մտածել. «ո՜րքան բախտավոր ապրում են այստեղ մարդիկ»... Իսկ այդ ճոխությունները, բնության այդ պարգևները չեն պատկանում այն բյուրավոր աշխատող ձեռքերին, որոնք դաշտերի վրա, արևի կրակոտ բոցերի մեջ քրտինք են թափում։
Ահա գյուղերում, այստեղ և այնտեղ բարձրանում են ամրոցներ, որոնք իրանց հպարտ աշտարակներով և ատամնավոր պարիսպներով իշխում են շրջակայքի վրա, նրանց մեջ բնակվում են աղաները» իրանց ախտերով և մոլություններով,— ահա նրանց է պատկանում երկրի բոլոր բեղմնավորությունը, նրանք են շռայլում մշակ մարդու աշխատավոր ձեռքի վաստակը։
Երեխայությանս ժամանակ, երբ ես որևիցէ անկարգություն էի անում, տատս և մայրս ամեն մեկը իր առանձին եղանակն ուներ ինձ սաստելու, որ վախենամ և հանգիստ կենամ։ Տատս ասում էր. «Սո՜ւս, սո՜ւս, մարդագելը եկավ, քեզ կտամ կուտի»։— Մայրս ասում էր «Ձենդ կտրի՛, թե չէ, ֆերրաշին կկանչեմ»... Թե առաջին և թե վերջին սպառնալիքը իմ վրա միօրինակ ազդեցություն էին գործում. ես ֆերրաշից նույնքան էի վախենում, որքան գայլից: Բայց երբ փոքր-ինչ մեծացա, «մարդագայլից» այլևս չէի վախենում, որովհետև հասկանում էի, թե մարդը գայլ չի դառնա, բայց ֆերրաշի երկյուղը երբեք դուրս չեկավ իմ սրտից... Ինձ թվում է, որ այս րոպեիս էլ լսում եմ նրա մտրակի ձայնը, ինձ թվում է, թե իմ ականջին զարկում են գյուղացու ցավալի հառաչանքները, և ես տեսնում եմ նրան թուլացած, ուշաթափ եղած հարկապահանջի անգութ դանահարությունից...