Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահպանվում էր զանազան ծակերի միջոցով, որ բացված էին մի տանից մյուսի մեջ։ Ծակերը բացված էին աննկատելի տեղերում։ Նրանցից շատերը այնքան նեղ էին, որ մի ձեռք միայն կարելի էր անցկացնել, և ծառայում էին ավելի բանավոր հաղորդակցության համար։ Երբ պատահում էր մի անսովոր դեպք, մի քանի րոպեի մեջ թաղի մյուս ծայրում արդեն գիտեին։ Ամեն մի լուր, ամեն մի խոսք, ծակերի միջոցով, կայծակի արագությամբ տարածվում էր ամբողջ թաղի մեջ, առանց մի մարդ իր տանից դուրս գալու։ Ծակերից շատերն այնքան մեծ էին, որ կարելի էր, մանավանդ վտանգի ժամանակ, մի տան կայքը թաքցնել կամ տեղափոխել մյուսի մեջ, և կամ հարևանի մոտ ապաստան գտնել։ Թաքստի համար յուրաքանչյուր տան մեջ կային ստորերկրյա մառաններ, որոնց գաղտնի մուտքը միայն տան տիրոջն էր հայտնի:

Ասեցի, հայոց թաղի բոլորովին սպառված ծայրումն էր քեռուս տունը, ուր մենք պատսպարան գտանք մեզ հասած դժբախտությունից հետո, այսինքն այն օրից, հետո, երբ հորս պարտատերերը մեզ արտաքսեցին հայրենական տնակից։ Ամենօրյա երկյուղը, գողերի և ավազակների հարձակումների հաճախ կրկնությունը ստիպել էին կանգնել տան շրջապարիսպը, որքան կարելի է, բարձր և հաստ պատերով, որոնք անձրևից և խոնավությունից ստացել էին մուգ-կանաչ գույն։ Ժամանակի ավերող ձեռքը կիսով չափով մաշել էր շրջապարիսպի վերին մասը, բայց նա տակավին այնքան բարձրություն ուներ, որ կարող էր ընդդիմադրել ամենահանդուգն հարձակման։ Պատերի քայքայված ճեղքերից բուսել էին մացառներ փշոտ ոստերով և մանրիկ տերևներով, որոնց միջից կանաչ մողեսները շատ անգամ դուրս էին նայում իրանց նենգավոր աչիկներով։ Բայց ես մողեսներից չէի վախենում, երբեմն ձեռքով բռնում էի նրանց, ես վախենում էի միայն օձերից, թեև նրանք այնքան ընտելացած էին մեզ հետ, որ երբեք չէին կծում։ Քեռուս տան մեջ այդ օձերի մասին պահված էին խիստ հետաքրքիր ավանդություններ, պատմում էին, թե նրանք թագավոր և թագուհի ունեն, թե երկուսի գլուխներն էլ զարդարած են ոսկի պսակներով, որոնք կրում են իրանց վրա աշխարհի ամենաթանկագին գոհարները։ Ասում էին, թե իմ մեծ քեռին շատ անգամ տեսել էր նրանց, բայց չէր կամեցել խլել նրանց պսակները, որովհետև այդ օձերի հետ մի դյութական կապով կապված էր նրա տան բախտավորությունը:

Գլխավոր դուռը ներս էր տանում դեպի բավական ընդարձակ