Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակը, որ հովանավորված էր դարևոր թթենիներով և կեռասենիներով: Բակի մեկ ճակատում արևելյան ճաշակով շինված Էին մի քանի մեծ և փոքրիկ սենյակներ, հնացած, քայքայված, և միայն իրանց ծերության մեղ պահպանած հնության պատկառանքը։ Այս տունը շինված էր այն ժամանակ, երբ քեռուս պապը քաղաքի նշանավոր և հարուստ բնակիչներից մեկն էր. հարյուրավոր տարիներից հետո նա տակավին պահպանել էր վաղեմի վայելչությունը։ Ծառերի հետ փաթաթած խաղողի որթերը համարյա թե գրկում էին իրանց ծոցի մեջ այդ կիսանահապետական բնակարանը, որի նմանը անտառներում կամ լեռների խուլ ձորերի մեջ միայն կարելի է տեսնել։ Փողոցից հոսող վտակից բաժանված էր մի առվակ, որ անցնում էր բակի միջով և ոռոգում էր ոչ միայն պարտեզը, այլ պահպանում էր մի մշտական զովություն, որ ազատում էր բնակիչներին ամառային տոթերից։

Առհասարակ այդ հնացած և մաշված տունը իր ընդարձակությամբ դարձյալ մեծ հարմարություն ուներ քեռուս հոյակապ ընտանիքի համար, որ կազմված էր բազմաթիվ անդամներից։ Մեծ քեռիս, այսինքն մորս հայրը, դեռ կենդանի էր. նրան բոլորը դա–դա (Հայր) էին կոչում։ Նա հինգ որդի ուներ, բոլորը ամուսնացած, բոլորը բազմաթիվ չափահաս և անչափահաս զավակների տեր էին։ Մայրս իր եղբայրների միակ քույրն էր։ Առհասարակ մի հատիկ քույրը միշտ սիրելի է լինում իր եղբայրներին, բայց մորս վերաբերությամբ ընդհակառակն էր պատահել։ Մայրս այն հազվագյուտ բնավորություններից էր, որին անկարելի էր չսիրել։ Բшյց ի՞նչ էր պատճառը, որ նրա և իր ազգատոհմի մեջ տիրում էր մի տեսակ խուլ սառնասրտություն, մի տեսակ ծածուկ անհամակրություն, որը իսկույն աչքի էր զարկում։ Այստեղ մի գաղտնիք կար, որ ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, թեև ես չէի կարող չնկատել, որ քեռիներս խիստ անտարբերությամբ ընդունեցին իրանց քրոջ ամուսնու մահվան ցավայի բոթը, և կարծես ուրախ լինեին, որ աստծու արդար դատաստանը վերջապես պատժեց նրան։ Այդ էր պատճառը, որ մեզ պատահած դժբախտությունից հետո մայրս խիստ դժվարությամբ հանձն шռեց իր եղբայրների մոտ բնակվիլ, և եթե անճարությունն ու աղքատությունը չստիպեր նրան, գուցե այդ ծանր զիջողությունը չէր անի։

Քեռուս տան այն մասը, ուր տեղավորեցին մեզ, բոլորովին զուրկ էր ծառերից։ Այստեղ գտնվում էր ախոռատունը, որի բակի մեջ կար փոքրիկ խրճիթ բաղկացած մի սենյակից և նախասենյակից