Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանրել հասկերը մի հաստ փայտով, որը այնքան ծանր էր որ ես դժվարությամբ կարողանում էի բարձրացնել։ Երբ հարդը քամուն տվեցինք, մաքուր ցորենը հավաքեցինք թաղարների մեջ։ Ձմեռվա մեր հացի պաշարը արդեն պատրաստ էր։

Դեռ մնում էր ամենահարկավորը-վառելիքը։ Մեր խարխուլ բնակարանի համար պետք էր բավական տաքություն, մանավանդ որ ձմեռը այս կողմերում խիստ սաստիկ է լինում։ Մայրս այնքան զբաղված էր, որ ամենևին ժամանակ չուներ հոգ տանելու վառելիքի մասին. այդ պատճառով, այդ հոգսը մնաց իմ և քույրերիս վրա։ Մայրս իր ձեռքով հյուսեց երեք փոքրիկ կթոցներ, մեկը ինձ համար, երկուսը Մարիամի և Մագթաղի համար։ Տեսնելու էր, թե ո՛րպիսի ուրախությամբ մենք այդ կթոցները առնում էինք մեր ուսերի վրա և ամեն օր գնում էինք դաշտը, այնտեղ հավաքում էինք քակորներ, ծառերից թափված տերևներ, փուշ և մացառներ, և բերում էինք ձմեռը մեր խրճիթը տաքացնելու համար։ Ա՜խ, ո՜րքան լավ բան է եղել աշխատությունը։ Ես այնուհետև միշտ հարգանքով էի նայում այն քակորների կույտի վրա, որ ինքս էի հավաքել, և բարկանում էի, թե ինչո՞ւ խնայողությամբ չէին գործածում, թեև մորս խնայողությունը հասնում էր ժլատության։

Ձմեռվա մեր ապրուստը բավական ապահովված կլիներ, եթե մի մեծ դժվարություն դեռ մնացած չլիներ։ Մայրս պետք է վճարեր հարկերի վերջին վեցամսյակը։ Թեև մենք այժմ ոչ տուն ունեինք և ոչ տեղ, ոչ հող ունեինք և ոչ ցանք, բայց հարկը դարձյալ պահանջում էին։ Պահանջում էին գլխավորապես հորս գլխահարկը։ Մայրս ցույց էր տալիս այն նամակը, որ ստացել էր հորս մահվան մասին, և ասում էր, որ մեռելի համար հարկ չեն վճարում։ Բայց նրան չէին լսում, պատասխանում էին, թե դուք խորամանկությամբ հնարել եք այդ նամակը, որ հարկ չտաք, թե նա դեռ կենդանի է։ Մայրս աղաչում էր, որ փոքր-ինչ ժամանակ տան, մինչև կարողանա փող վաստակել և նրանց պահանջը լրացնել։ Թեև ընդունվեցավ խնդիրքը, բայց շատ թանկ նստեց այն մի ամիս ժամանակը, որ շնորհեցին մեզ, որովհետև առանց կաշառքի չէր կարելի գրավել հարկապահանջների բարեսրտությունը։ Այնուհետև մայրս գիշեր ու ցերեկ հանգստություն չուներ. ասեղը, ջահրեն և թեշին անդադար գործում էին։

Բայց ին՞չ կարող էր լինել մորս աշխատանքը, մանավանդ մի այնպիսի երկրւմ, ուր տիրում էր ընդհանուր աղքատություն, ուր ամեն մարդ ինքն էր կատարում իր տան գործերը։ Նա ընդունում