Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուրքերը գողացել են նորահարսին, ոմանք ասում էին իրան սպանել էք ոմանք ասում էին՝ որ նա ծածուկ սիրում էր մի ուրիշին և նրա հետ փախել է։ Այդ կարծիքներից արդյոք ո՞րն էր ուղիղ,— այն ժամանակ դժվար էր ստուգել, իսկ ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ իմ մայրը կորավ և կորավ։

Անցան տարիներ, իմ մոր մասին տեղեկություն չկար։ Նրա մայրը կսկիծից մեռավ, նա չկարողացավ տանել իր աղջկա ցավը։ Մյուսները բոլորովին մոռացան նրան։

Հանկարծ հայտնվեցավ նա իր ամուսնի և երեք զավակների հետ։ Այն ժամանակ միայն ստուգվեցավ, որ վերջին ենթադրությունը ուղիղ էր. արդարև, մայրս փախել էր իր սիրած տղամարդի հետ։ Հասարակական կարծիքը սկսեց դատապարտել նրան։ Նրան չներեցին հարազատ եղբայրները և մինչև անդամ հայրը, չնայելով, որ նա արդեն ամուսին էր և երեք զավակների մայր։ Բայց ինչո՞վ էր մեղավոր հին հանցավորը, ինչով էին մեղավոր նրա զավակները. մի՞թե ծնողների հանցանքը տարածվում է որդիների վրա...

Իմ քեռիները զայրացան ավելի այն պատճառով, երբ տեսանք որ իրանց քույրը ամուսնացել է մի տղամարդի հետ, որին ատում էին, որի ազգատոհմի հետ ժառանգական թշնամություն ունեին, և, որ ավելի գլխավորն է՝ աղքատ էր։ Այսպիսի ամուսնությունները մոռանալ են տալիս հին ոխակալությունը և բառնում են հին վրեժխնդրությունը երկու տոհմերի միջից։ Բայց մայրս չկարողացավ քավել այդ մեղքը, նրա ամուսնությունը չկարողացավ կապել թշնամի տոհմերին միմյանց հետ։ Մորս հայրը անիծեց նրան, և նա այնուհետև չհամարձակվեցավ ոտք կոխել ծնողական տան շեմքի վրա, մինչև այն օրը, որ հորս մահը մի փոքր մեղմացրուց նրանց խստասրտությունը։

Այժմ պիտի խոսեմ այդ ցավալի մահվան մասին։ Հայրս դիմելով դեպի պանդխտություն, նպատակ ուներ Կ. Պոլիս գնար, ուր այն ժամանակ լինում էին հայ գաղթականները։ Նա պետք է անցկենար էրզրումից։ Այստեղ, մի օր, փողոցից անցկենալու ժամանակ, հանկարծ մի թուրք հարձակվում է նրա վրա, և իր դաշույնի մի հարվածով կտրում է նրա պարանոցը, և գլուխը մի կողմ գլորելով, ուրախությամբ գոչում է. — «Ես տա՜րա... ես տա՜րա»... Թուրքերի բազմությունը հավաքվում է նրա շուրջը, հետաքրքրությամբ հարցնում են, թե ինչը տարավ.-— « Ընկերիս հետ վիճում էինք,— պատասխանում է եղեռնագործը,— նա ասում էր.