թե իմ դաշույնը ավելի սուր է. իսկ ես ասում էի, թե իմն է ավելի սուր։ Վճռեցինք փորձել այդ գավուրի պարանոցի վրա, գրազ գալով, թե մեզանից ով որ մի հարվածով կկտրե պարանոցը, մյուսը պետք է պարտավորվի իր հաշվով հյուրասիրել նրան մի ֆինջան քաղցր ղահվեով և մի նարգիլեով։ Այժմ ես տարա»։ Բազմությունը գովաբանում է սրիկայի քաջությունը, ասելով՝ «մաշալլա... մաշալլա»... և հեռանում է։ Իսկ սրիկան, իր ընկերի ձեռքից բռնելով, քարշ է տալիս դեպի ղահվետուն, որ ստանա խոստացած մրցանակը։ Մի ամբողջ օր հորս դիակը մնում է հրապարակի վրա։ Մուսուլմանները ծաղրելով են անցնում նրա մոտից, թե ո՜րքան թույլ է եղել «գավուրի» պարանոցը, որ մի հարվածից կտրվել է. իսկ ոմանք զարմանում էին սրիկայի բազկի զորության և նրա դաշույնի սրության վրա։ Բայց տեղային հայերը, երկյուղից չէին համարձակվել ցերեկով մոտենալ նրան, և միայն գիշերով վեր էին առել դիակը ու թաղել։
Այդ սարսափելի եղեռնագործության լուրը խիստ սաոնասրտությամբ ընդունվեցավ մեր կողմերում, որպես թե, սովորական անցքերի կարգից դուրս մի բան չլիներ։ Մեր թշնամիները ուրախացան, իսկ մեր բարեկամները ավելորդ համարեցին տրտմել։ Ավելի հասկացող մարդիկ այսպես էին բացատրում, թե աստված նրա ճակատին այնպես էր գրած, պետք է այս տեսակ մահով վախճանվեր։ Իսկ իմ քեռիները ասում էին, թե աստված պատժեց նրան, որովհետև նա գողացել էր նրանց քրոջր հոր տանից, և մի այսպիսի մարդ չէր կարոդ բախտավոր լինել։ Մի սիրող սիրտ միայն խորին կերպով խոցված էր,— դա իմ մոր սիրտն էր։ Այդ ողորմելին մինչև մահ չկարողացավ մոռանալ թշվառ ամուսնի կսկիծը։ Ես և իմ քույրերս ոչինչ չէինք հասկանում․ մենք միայն անգիտակցաբար լաց էինք լինում, երբ տեսնում էինք, որ մեր մայրը լաց էր լինում։ Բայց երբ ես մեծացա, այն ժամանակ միայն հասկացա բոլորը, և դառն վրեժխնդրությունը, իմ հասակի հետ, սկսեց փոքր առ փոքր աճել...
Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանաք, թե ի՞նչ բան է բարբարոսությունը։ Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը։ Բայց հայ մարդը — գավուրը —