Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի ստոր էր այդ անասուններից։ Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ...

Իմ քեռիները արվեստով զինագործ էին․ այդ արհեստը ժառանգաբար անցել էր նրանց տոհմի մեջ, և հարյուրավոր տարիների ընթացքում զարգացել և բավական կատարելագործվել էր։ Պարսկաստանում, ինչպես և Տաճկաստանում, առհասարակ բոլոր զինագործները հայեր էին. նրանք զենք էին պատրաստում իրանց թշնամիների համար, որոնք թեև շինելը չէին իմանում, բայց գործածելու մեջ շատ հմուտ էին։ Ես միշտ մի առանձին բարկությամբ էի մտածում այն աղետալի անցքի մասին, թե անպատճառ մի հայ արհեստավորի ձեռքով պետք է շինված լինեին այն դաշույնները, որոնցմով փորձ փորձեցին իմ հոր պարանոցի վրա։

Իմ քեռիները մեր գավառի նշանավոր զինագործներն էին, այդ պատճառով նրանց արհեստանոցը ամբողջ տարի միշտ գործ և աշխատություն ուներ։ Արհեստանոցը զետեղված էր տան գլխավոր մուտքի գավիթում և բաժանվում էր կանանոցից առանձին բակով։ Այստեղ միշտ կարելի էր տեսնել մի խառնիճաղանջ բազմություն, բաղկացած պարսիկներից, թուրքերից և քրդերից, որոնք բերել էին իրենց զենքերը շինել տալու։ Հեռու կամ օտար երկրներից եկողները այնտեղ մնում էին օրերով և շաբաթներով մինչև կպատրաստվեին նրանց զենքերը։ Այս վերջիններից շատերը կերակրվում էին քեռիներիս սեղանից և մինչև անգամ փող չէին վճարում նրանց աշխատության համար։ Ես փոքր ժամանակս չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ուներ այդ նահապետական հյուրասիրությունը՝ համ ձրի աշխատել, համ կերակրել, համ փող չստանալ։ Հետո հասկացա, որ այդ հյուրասիրությունը ցույց էին տալիս ոչ բոլորին, այլ նշանավոր անձնավորություններին միայն։ Խաների, բեկերի, սեիդների, շեյխերի և զանազան բուրգ ցեղապետների համար աշխատում էին ձրի։ Դրանք մահմեդական ժողովրդի առաջնորդներն էին, դրանց պետք էր քաղաքավարի կերպով կաշառել, դրանց բարեսրտությունը պետք էր գրավել, որպեսզի կարելի լիներ դրանց շնորհիվ հասարակ մահկանացուներից վարձատրություն ստանալ։ Հակառակ դեպքում անհնար էր գործել, առաջնորդները կարող էին հրամայել, որ բոլորովին ձրի աշխատեցնեն արհեստավորներին կամ զանազան շառեր կսարքեին։ Իսկ այժմ ոչ մի թուրք, ոչ մի պարսիկ, և ոչ մի քուրդ չէր համարձակվում իր վճարը չհատուցանել, որովհետև գիտեր,