— Չէ, մի՛ կտրե, ասա, որ ինձ վատ բան չասի, թե չէ ծամերը մեկ-մեկ կփետրեմ...
Մայրս սեղմեց նրան իր կուրծքին և համբուրեց։
— Հարսի,— առաջ տարավ շատախոս Մարոն,— ինչ Լավ է ձյունը... վազում ես, վազում, չես կշտանում... ընկնում ես, այնքան փափուկ է, որ կողքդ չէ ցավում...— Հարսի, ե՞րբ կսառչի մեր լիճը։
Մարոյի վերջին հարցմունքը մեր տան մոտ գտնված փոքրիկ լճակի մասին էր,որը ձմեռը սառչելով, մեծ զվարճություն էր պատճառում խաղասեր երեխաներին։ Մայրս այդ մասին ոչինչ չպատասխանեց, միայն հարցրեց, արդյոք վախեցա՞վ նա, որ այնպիսի մթին և վատ եղանակում մեր տունը եկավ։
— Ինչի՞ց պիտի վախենամ,— ասաց նա մի առանձին հպարտությամբ,— գայլ չկա։ սատանա չկա, բոլորը ցրտից փախել, մտել են իրանց ծակերը։ Ես խո Մարիամը չեմ, որ վախենամ։ Ո՜ւհ, սատկած, հիմա կքնե՞ն։ Տես, ի՞նչպես քնել է, մտիկ տո՛ւր, Ֆարհատ, մտիկ տուր, հարսի…
Վերջին խոսքերի միջոցին Մարոն այնպիսի մի հեգնական ծամածռություն գործեց իր սևուկ դեմքի վրա, որ չէր կարելի առանց ծիծաղելու նրա երեսին նայել։ Բայց հանկարծ նրա մեծ և գեղեցիկ աչքերը վառվեցան, նա դուրս թռավ մորս գրկից և վազեց մահճի մոտ, ուր քնած էին քույրերս։ Նա խոնարհվեցավ, համբուրեց Մագթաղի երեսը, բայց Մարիամի մազերից այնպես սաստիկ ձիգ տվավ, որ խեղճ աղջիկը ծվաց, սարսափելով քնած տեղից վեր թռավ, և տեսնելով իր ոխերիմը կշտին նստած, զոլեց վրդովված ձայնով։
— Տո, սև սատանա, այստեղ ի՞նչ ես շինում։
Դեռ քնաթաթախ Մարիամը ջանք արեց, որ նրան բռնե, վրեժը առնե, բայց վայրենի Մարոյի ճարպիկ մատները պինդ սեղմվեցան նրա կոկորդին և շնչասպառ աղջիկը գլորվեցավ բարձի վրա։ Ես մոտ վազեցի, որ ազատեմ քրոջս։ Նույն միջոցին Մարոն կատվի արագությամբ դուրս թռավ, և աներևութացավ գիշերային խավարի մեջ։ Մայրս չգիտեր՝ ծիծաղել թե բարկանալ, նա ասաց ինձ, որ գնամ և այն «Դևի ծնունդին» հասցնեմ իրանց տունը, չիցե թե ճանապարհին փորձանքի հանդիպի։ Ես դուրս վազեցի, նա արդեն անհետացել էր, միայն փողոցում տեսա մի ահագին կերպարանք, որին մոտեցավ Մարոն։ Դա նրա հայրն էր։